ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

    «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից խոցելի խմբերին առաջնային ծառայությունների մատուցման գործում սոցիալական աշխատողն ունի հսկայական ու կարեւորագույն դեր: Սոցիալական աշխատողը պարտավոր է ծառայել իր մասնագիտությանը՝ ղեկավարվելով շահառուների իսկ շահերով ու հետաքրքրություններով, հարգելով շահառուների անձնական կյանքը եւ գաղտնի պահելով նրանցից ստացված տեղեկությունները՝ ըստ այդմ խստագույնս հետեւելով մասնագիտական եւ բարոյական նորմերին ու արժեքներին:
    «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ սոցիալական աշխատողն իրականացնում է հետեւյալ գործառույթները.

• Հավաքագրում եւ վերլուծում է սպասարկվող շահառուների մասին առաջնային տեղեկությունները:
• Կատարում է շահառուների կարիքների վերհանում, որի հիման վրա կազմակերպվում է համապատասխան աջակցության ցուցաբերումը:
• Կազմակերպում եւ վերահսկում է բարեգործական ճաշարանների, բուժօգնության, սոցիալական աշխատանքի, տնային խնամքի եւ այլ ծառայությունների մատուցումը շահառուներին:
• Մատուցում է սոցիալ-հոգեբանական, տեղեկատվական, իրավական եւ այլ բնույթի խորհրդատվական ծառայություններ:
• Իրականացնում է շահերի եւ իրավունքների պաշտպանություն:
• Կազմակերպում է դասընթացներ:
• Շահառուների հիմնախնդիրների լուծման նպատակով համագործակցում է տարբեր պետական կառույցների, ՏԻՄ-երի, բժշկական եւ այլ հաստատությունների հետ:
• Վարում է ինքնօգնության խմբեր:
• Ըստ անհրաժեշտության աշխատում է նաեւ շահառուի ընտանիքի անդամների հետ:
• Կազմակերպում է շահառուների հանգիստն ու ժամանցը:


Սոցիալական դեպքեր
Դեպք 1


«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ շահառուն՝ ծնված 1940թ., բնակվում է Սիլիկյան թաղամասում ամուսնու հետ միասին: Լինելով բացարձակ միայնակ տարեցներ եւ ունենալով առողջական խնդիրներ՝ ամուսինները մշտապես օգտվել են կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից։
Կազմակերպության անմիջական միջնորդությամբ եւ սոցիալական աշխատողի աջակցությամբ իրականացվել է կնոջ ստացիոնար բուժումը պետ. պատվերի շրջանակներում: Նա տառապում է շաքարախտով եւ անհրաժեշտություն էր առաջացել անդամահատել երկու ոտքը: Բուժման ընթացքում կազմակերպության կողմից նրան հատկացվել է դրամական եւ հումանիտար օգնություն, ինչպես նաեւ վիրահատությունից հետո կազմակերպվել է նրա խնամքը տնային պայմաններում։
«Առաքելություն Հայաստանի» սոցիալական աշխատողը աջակցություն է ցուցաբերել տեղաշարժման սայլակի ձեռքբերման հարցերում: Նա օգնել է անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հարցում եւ անձամբ այցելել է Աջափնյակի ՍԾՏԳ՝ ներկայացնելով հիմնախնդիրը:
Սոցիալական աշխատողը կազմակերպել է նաեւ Ռաիսայի ոտքերի պրոթեզավորման գործընթացը՝ այցելելով համապատասխան բուժ հաստատություններ, հավաքելով եւ տարածքային ՍԾՏԳ ներկայացնելով անհրաժեշտ բոլոր տեղեկանքներն ու փաստաթղթերը, ինչպես նաեւ կազմակերպել է օրթոպեդ բժիշկների այցը շահառուի տուն՝ պրոթեզներ պատրաստելու նպատակով:
Իրականացված աշխատանքների արդյունքում այժմ շահառուն կարողանում է տեղաշարժվել, հնարավորինս ինքնուրույն իրականացնել առաջնային անհրաժեշտության որոշ աշխատանքներ: Նա աստիճանաբար հաղթահարում է նաեւ հոգեբանական խնդիրները եւ հույս ունի պրոթեզների օգնությամբ ոտքի կանգնել ու վերականգնել իր լիարժեք կենսագործունեությունը։
Ամուսիններն այժմ դեռեւս գտնվում են կազմակերպության հոգածության ներքո. նրանց պարբերաբար տրամադրվում է սոցիալ-հոգեբանական եւ հումանիտար աջակցություն, ինչպես նաեւ անհրաժեշտ խորհրդատվություն սոցիալական ու առողջական խնդիրների կարգավորման համար։

Դեպք 2

«Առաքելություն Հայաստանի» շահառուն, ով բնակվում է Վանաձորում, մեքենայի վթարից հետո աստիճանաբար կորցրել է քայլելու կարողությունը, ձեռք է բերել մի շարք հիվանդություններ եւ տառապում է ողնաշարի սուր ցավերից։ Կազմակերպության սոցիալական աշխատողի ջանքերով հիվանդությունը ախտորոշելու համար իրականացվել է համակարգչային տոմոգրաֆիա Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Համակարգչային տոմոգրաֆիան (յամեր) անվճար կազմակերպելու համար «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ կենտրոնական գրասենյակի կողմից դիմում է ներկայացվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ անվճար հետազոտության ուղեգիր ստանալու համար։ Նախարարությունում դեպքը ներկայացվել է որպես շատ շտապ արձագանքման անհրաժեշտություն ունեցող դեպք եւ բավականին արագ տրվել է անվճար հետազոտության ուղեգիր։
Սոցիալական աշխատողի ջանքերով հնարավոր եղավ փոքր գումար ստանալ Լոռու մարզպետարանից եւ շահառուին տեղափոխել Երեւան՝ բուժումն այնտեղ անցկացնելու համար։ Սոցիալական աշխատողի, սուպերվիզորի եւ իրավաբանի ջանքերով նույն օրը հիվանդը պետպատվերի շրջանակում պառկեցվեց հանրապետական հիվանդանոց, եւ իրականացվեցին անհրաժեշտ հետազոտություններ։ Հիվանդանոցում տասնօրյա բուժման ընթացքում կազմակերպվեց նաեւ կազմակերպության՝ Աջափնյակ համայնքի ԲՃ-ից սննդի առաքումը հիվանդին։ Բուժման ավարտից հետո կազմակերպության միջոցներով շահառուն կրկին տեղափոխվեց Վանաձոր։

Դեպք 3

Ծննդյան տարեդարձ
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից սպասարկվող միայնակ փախստական տարեցներին մատուցվող ծառայությունների շարքում կարեւորագույն տեղ է զբաղեցնում տարեցների համար տարբեր հիշարժան տոների ու հատկապես ծննդյան տարեդարձների նշումը։
2007թ.-ից կազմակերպության Նոր Նորքի վերականգնողական կենտրոնում է բնակվում Եվգենյան, ով բացարձակ միայնակ ու անապահով տարեց է եւ ունի լուրջ առողջական խնդիրներ:
Սույն թվականի սեպտեմբերի 22-ին լրացավ Եվգենիայի 96 ամյակը, որը մեծ հանդիսությամբ նշվեց Նոր Նորք համայնքային կենտրոնում։ Եվգենիայի խնդրանքով նրա ծննդյան օրը հրավիրվել էին նաեւ հանրակացարանի նրա նախկին հարեւանները։ Նրանք, իրենց հետ բերելով շքեղ թխվածք, տոնական տրամադրություն փոխանցեցին ցերեկույթի մասնակիցներին։ Եղան նաեւ երգեր ու պարեր:
Ցերեկույթն անցավ շատ ջերմ, անմիջական մթնոլորտում։ Միջոցառման մասնակիցները եւ հատկապես օրվա հոբելյարը, ում տարեդարձը վաղուց չէր նշվել, մեծ բավականություն ստացան այդ գեղեցիկ ու հիշարժան միջոցառումից:

 



ՍԿԻԶԲ


ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊ ԴՈՆՈՐՆԵՐ





Copyright © 1994-2016 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us