ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ


ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ԱՐԾՎԱԲՈՒՅՆ»

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն, հետևողական իր տեսլականին և նպատակին, կարիքից ու անհրաժեշտությունից ելնելով, ստեղծել, ներդրել և զարգացրել է համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մատուցան տարբեր ենթակառույցներ, որը հնարավորություն է ընձեռնել տարեցներին բազմաբնույթ սոցիալ-առողջապահական ծառայություններ ստանալ իրենց տներում, համայնքներում՝ չկտրվելով հարազատ միջավայրից, ապրելով արժանապատիվ, ինքնուրույն, անկախ և ակտիվ կյանքով։ Սակայն հանդիպում են այնպիսի իրավիճակներ, երբ անկախ աջակցությունից, տարեցին իր տանը ինքնուրույն, արժանապատիվ կյանք ապահովելը դառնում էր անհնար։ Այդ էր պատճառը, որ 2006թ. կազակերպությունն համալրեց իր եթակառույցները «Արծվաբույն» տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնով:

Տարեցների շուրջօրյա սպասարկման «Արծվաբույն» կենտրոնը գտնվում է Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում։ Կենտրոնը կացարան և շուրջօրյա բազմապիսի ծառայություններ է տրամադրում այն տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր մասամբ կամ ամբողջովին կորցրել են ինքնասպասարկման կարողությունը և ունեն խնամքի ու հոգածության կարիք։ Կենտրոնը վերանորոգված է, ապահովված անհրաժեշտ գույքով: Կենտրոնում ստեղծված է ջերմ, ընտանեկան մթնոլորտ, տարեցները մշտապես գտնվում են կենտրոնի հմուտ մասնագետների ուշադրության կենտրոնում:
«Արծվաբույն» տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնը ներկայումս հնարավորություն ունի միաժամանակ սպասարկել շուրջ 40 տարեցների։

Նպատակը
Շուրջօրյա խնամք ապահովել մշտական հոգածության կարիք ունեցող տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց, նպաստել նրանց կենսական և սոցիալ-հոգեբանական պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաև խթանել նրանց սոցիալական հարմարումը։

Շահառուները
Միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք:

Մատուցվող ծառայությունները

  • Սոցիալ-հոգեբանական աջակցություն
  • Բժշկական օգնություն և սպասարկում
  • Խնամք
  • Սննդապահովում





Արծվաբույն տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնը վերանորոգվեց ճապոնական կառավարության
տրամադրած դրամաշնորհի եւ Աղվան Հովսեփյանի նվիրատվության միջոցով

Նոյեմբերի 28-ին Արծվանիկ գյուղում տեղի ունեցավ տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնի վերաբացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ դատախազության պաշտոնյաներ՝ ի դեմս գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի, Առաքելություն Հայաստան ԲՀԿ ներկայացուցիչներ՝ ի դեմս կազմակերպության նախագահ Հ. Կիրակոսյանի, Սյունիքի մարզային իշխանությունները եւ այլ մեծապատիվ հյուրեր: Հյուրերին կենտրոնում դիմավորեցին աղ ու հացով, որից հետո պարոն Հովսեփյանն ու տիկին Կիրակոսյանը կտրեցին կենտրոնի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը: Այնուհետեւ հյուրերը շրջեցին արդեն իսկ վերանորոգված կենտրոնում, այցելեցին կաթսայատուն, գնահատեցին արված գործը, որից հետո ծառատունկ կատարեցին՝ ի նշան կենտրոնի լիարժեք եւ հաջող շահագործման: Կենտրոնում հյուրերին անհամբեր սպասում էին թե՛ աշխատակիցները, թե տարեց շահառուները: Վերջիններս հյուրերի հետ սեղան նստեցին եւ իրենց շնորհակալական խոսքը հղեցին բոլոր նրանց ովքեր այս մարդասիրական գործում իրենց ներդրումն են ունեցել: Տիկին Կիրակոսյանը եւս երախտիքի խոսք հղեց թե՛ ճապոնական կառավարությանը, թե՛ պարոն Հովսեփյանին, թե՛ շինարարներին, ովքեր մեծագույն նվիրումով սատար կանգնեցին միայնակ, անօթեւան, կարիքավոր մեր տարեց հայրենակիցներին:

Մինչ օրս Արծվաբույնը շահառուների ընդգրկման սահմանափակ հնարավորություններ ուներ եւ սպասարկում էր ընդամենը տասներկու տարեցների: Այսօր արդեն կենտրոնն ունի ծերանոցի կարգավիճակ եւ իրականացված վերանորոգման արդյունքում ի վիճակի է շուրջօրյա սպասարկել ավելի քան 40 շահառուի՝ ի շնորհիվ ճապոնական JICA դրամաշնորհային ծրագրի 30 մլն. ՀՀ դրամ ֆինանսավորման: Կենտրոնի ջեռուցումն իրականացվել է Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ին նվիրաբերած Աղվան Հովսեփյանի լուսանկարների վաճառքից գոյացած 14 մլն դրամի միջոցներով, որով անցկացվել է ջեռուցման ժամանակակից համակարգ, կառուցվել կաթսայատուն, ապահովվել է վերջինիս մեկնարկման ու գործարկման համար անհրաժեշտ վառելիքի զգալի մասը:




ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us