ՀԱՋՈՂՎԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Նրանք ստացան ապաստան…

«Շնորհակալ եմ ձեզանից, դուք բարի մարդիկ եք»: Սա այն նամակի սկիզբն է, որն ուղարկել էր Մարիա Ասլանովան՝ Բաքվից գաղթած մի 91-ամյա փախստական, «Նովոյե Վրեմյա» պարբերականի խմբագրություն եւ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ: Թերեւս, հետաքրքիր է՝ ինչու՞ է այս կինը, որն իր մասնագիտությամբ վառելիքի արդյունաբերության տեխնոլոգ է, հեղինակել է բուհական դասագրքեր, տարբեր մեդալներ եւ պարգեւներ ունի, երկու տղաների հետ զրկվել կացարան ունենալուց: Երբ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի աշխատակիցներն առաջին անգամ այցելեցին Մարիային, նա պառկած էր մետաղյա մահճակալի մեջ՝ շուրջ բոլորը աղբով պատված: Ինչպե՞ս էր դա պատահել: Ահա նրա պատմությունը. տիկին Ասլանովան, որը մի ժամանակ ադրբեջանական արհմիության հայտնի ղեկավար էր, դարձավ 1990թ. Ադրբեջանում հայերի դեմ ուղղված հայտնի իրադարձությունների զոհը: Բաքվում ծանոթների միջոցով 97-ամյա մոր հետ նա կարողացավ նավակով դուրս գալ երկրից: Նրանք ժամանեցին Կրասնովոդսկ, Թուրքմենստան, իսկ հետո եկան Հայաստան, որտեղ ապրեցին տարբեր հանրակացարաններում եւ առողջարաններում, մինչեւ որ կարողացան հաստատվել Երեւանում՝ իրենց տանը: Թվում էր՝ ամեն ինչ լավ է լինելու, սակայն շուտով նրանք կորցրին իրենց տունը, եւ ստիպված էին թափառել մի տեղից մյուսը՝ ապրելու վայր փնտրելով: Արդյունքում, 2004թ. հունվարից սկսած, Մարիան և նրա երկու որդիները (տղաները գտնվում էին նախկին ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, որտեղ նրանք անցկացրել էին մի քանի տարի՝ աշխատանք փնտրելով) ստիպված էին մնալ կիսավեր վթարային շենքում, որը չուներ ո՛չ դուռ, ո՛չ էլ պատուհաններ:
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ աշխատակիցները տեղեկացել էին այս դժբախտ մարդկանց մասին «Նովոյե Վրեմյա» թերթում տպագրված հոդվածից եւ շտապել օգնության ձեռք մեկնել:
Մարիային տեղափոխեցին կազմակերպության առողջության վերականգնողական կենտրոն: Տարեց կինն իր նամակում գրում է. «Սա այն էր, ինչն ինձ անհրաժեշտ էր առաջին հերթին: Նրանք ինձ ջերմությամբ եւ քնքշորեն ընդունեցին, եւ պառկեցրին կոկիկ սենյակում՝ սպիտակաձյուն անկողնու մեջ, եւ ես առաջին անգամ ինձ մարդ զգացի երկար տարիներ անց: Միակ բանը, որ ինձ հարկավոր էր լիարժեք ուրախության համար, լավ գիրքն էր»:
Այս պատմությունն ունի երջանիկ ավարտ: Բարեբախտաբար, շուտով, այս մարդկանց ապաստանի խնդիրը նույնպես լուծվեց: ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությունը համայնքային կենտրոնում մի սենյակ հատկացրեց նրանց: Չնայած սենյակը կեղտոտ էր, պատուհաններն առանց ապակիների էին, չկար լվացարան, այնուամենայնիվ, «Առաքելություն Հայաստանն» արագորեն կարգավորեց այդ ամենն այս ընտանիքի համար: Տիկին Ասլանովան գրում է. «Ես ուզում եմ նշել, որ բոլոր նրանց, ում հանդիպել եմ այս բարեգործական կազմակերպությունում՝ անկախ պաշտոնից եւ կոչումից, հմուտ եւ արժանի մարդիկ են եղել: Սա շատ դրական է կազմակերպության համար, եւ դա կազմակերպության նախագահի՝ Հռիփսիմե Կիրակոսյանի նվաճումն է: Շնորհակալ եմ Ձեզանից, բարի՛ մարդիկ»,- այսպես է ավարտվում Մարիայի նամակը:



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊ ԴՈՆՈՐՆԵՐ





Copyright © 1994-2016 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us