ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարեցների հիմնահարցերի սոցիալական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում

Վերջին 30 տարիների ընթացքում ժամանակակից հասարակություններում բնակչության տարիքային կառուցվածքում զգալի տեսակարար կշիռ է ձեռք բերել տարեցների խումբը: Հայաստանի Հանրապետությունը պատկանում է ծերացող հասարակությունների թվին, քանի որ ներկայումս տարեցների տեսակարար կշիռը գերազանցում է սահմանված չափերն ու ցուցանիշները:
Աշխատանքային, այդ թվում վերարտադրողական տարիքի բնակչության հոսքն արտերկիր հանգեցնում է նրան, որ երկրում հիմնականում մնում են տարեցները, եւ նրանց թվաքանակը ավելանում է բնակչության ընդհանուր թվի հարաբերակցությամբ: Ավելին, առաջանում է գործազրկության խնդիր. ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում բարձրանում է մարդկանց հիվանդացության ինչպես նաեւ մահացության աստիճանը: Այս միտումների արդյունքում տեղի է ունենում բնակչության տարիքային կազմի լուրջ տեղաշարժ եւ ձեւախախտում: Նախ՝ ծնելիության ցածր մակարդակը չի ապահովում ո՛չ սերունդների, ո՛չ աշխատանքային համապատասխան ռեսուրսների վերարտադրումը: Արդյունքում ավելանում է 60-ից բարձր տարիքի մարդկանց թիվը, որոնք արդեն գտնվում են կենսաթոշակային տարիքում եւ նոր բարիքների վերարտադրության գործընթացին այլեւս չեն մասնակցում՝ գտնվելով հասարակության եւ ընտանիքի խնամքի ներքո: Բնակչության սպառող մասի անհրաժեշտ նյութական միջոցների ապահովումը կախված է աշխատանքային տարիքի մարդկանց ներդրումներից, եւ եթե աշխատունակ բնակչությունը պակասում է, իսկ սպառողների թիվը մեծանում, ապա տեղի է ունենում բաշխվող բարիքների կտրուկ նվազում՝ բերելով այդ խմբում աղքատության լուրջ խորացման, որը հետադարձ հարվածով ազդում է հասարակության մյուս խմբերի վրա:
Բացի այդ, ցածր կենսամակարդակի պատճառով ընտանիքներում «օրվա հացի» խնդիր է առաջանում, եւ առաջին հերթին խոցելի թիրախ են դառնում տարեցները, որոնց վերաբերվում են որպես սպառող «ավելորդ բերանի»: Քանի որ տարեց մարդու եկամուտը ցածր է, յուրաքանչյուր ընտանիքում առաջ է գալիս տարեցի խնամքը հոգալու խնդիր: Տարեցները հայտնվում են խոցելի իրավիճակում եւ դժվարությամբ են հարմարվում իրենց նոր կարգավիճակին, որովհետեւ երկար տարիներ աշխատելուց հետո «ավելորդի» կարգավիճակում հայտնվելը հանգեցնում է դիմադրության եւ կոնֆլիկտի:
Մեծանում է միայնակ տարեցների թիվը, ընդ որում տարեց կանայք գերակշռում են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը ավելի կարճ է՝ 70, քան կանանցը՝ 76.4 տարեկան: Հետեւաբար, միայնակ տարեցների թվի ավելացումը հոգեբանորեն սոցիալ-տնտեսական եւ քաղաքական առումով դարձել է երկրի, հասարակության համար սոցիալական հիմնախնդիր եւ սոցիալական լարվածության լուրջ գործոն ապահովագրական համակարգի անհամամասնությունների պատճառով:
Այսպիսով, ՀՀ-ում բնակչության ծերացումը, ազդելով հասարակության վրա, հանգեցնում է հետեւյալին.

1. Տարեցների տեսակարար կշռի ավելացմամբ բարձրանում է տնտեսական ծանրաբեռնվածության աստիճանը:
2. Որքան բարձր է տարեցների տեսակարար կշիռն, այնքան կարեւոր, արդիական ու հրատապ է նրանց հիմնախնդիրը հասարակության համար:
3. Որքան շատ են տարեցներն, այնքան նրանց հայացքներն առավել մեծ չափով կարող են ազդել կառավարության որոշումների եւ ընտրությունների արդյունքների վրա:
ՀՀ-ում տարեցներն ունեն բազմաթիվ կարիքներ ու հիմնախնդիրներ, որոնք սրված են նրանց փաստացի միայնակության դեպքում: Տարեցների տնտեսական եւ սոցիալ-հոգեբանական բնույթի հիմնախնդիրներն են.
1. Կենսամակարդակի ապահովում. աղքատների շրջանում տարեցները, մասնավորապես միայնակ տարեցներն, առավել խոցելի խմբերից են: Ներկայիս միջին կենսաթոշակը բավարար չէ, որպեսզի տարեցը հոգա իր առաջնային կարիքները, մինչդեռ նրանց առավել քան մյուս տարիքային խմբերի մոտ գերակշռում են առողջական խնդիրները:
2. Դեղորայքի ձեռքբերման եւ առողջապահական համակարգից օգտվելու անմատչելիություն. տարեցների մոտ նկատվում է քրոնիկ հիվանդությունների աճ, հետեւաբար նրանք ունեն անընդհատ հսկողության, առողջապահական սպասարկման եւ դեղորայքի օգտագործման խնդիր:
3. Կոմունալ-կենցաղային ծախսերի ապահովում եւ սոցիալ-կենցաղային ծառայություններից օգտվելու խնդիր:
4. Հասարակությունից մեկուսացվածություն, որը ծայրաստիճան սուր խնդիր է միայնակ տարեցների մոտ. տարեցների առանձնահատկություններից մեկն էլ նրանց հաղորդակցման մեծ կարիքն է. նրանց անհրաժեշտ է ամփոփել եւ վերապրել իրենց անցած կյանքը եւ իրենց փորձը փոխանակել: Այդ պահանջմունքները զգալի են, իսկ բավարարման հնարավորությունները՝ սակավաթիվ: Տարեցները հատկապես կարիք ունեն շփվելու իրենց հասակակիցների հետ: Բացի այդ նրանց մեծ մասը առավել մեծ ուշադրություն են ակնկալում՝ ելնելով այն գաղափարից, որ իրենք ներդրել են, ստեղծել այս հասարակությունը եւ այսօր արժանի են գնահատանքի: Սոցիալ-հոգեբանական մեկուսացվածությունը հաճախ պատճառ է դառնում հոգեկան եւ սոմատիկ խանգարումների առաջացման ու խորացման:
Այս հիմնախնդիրներից են բխում տարեցների բազմազան կարիքները՝ 1) սննդային օգնության ձեռքբերում, 2) դեղորայքի եւ բժշկական սպասարկման ապահովում, 3) սոցիալ-կենցաղային ծառայությունների ստացում, 4) սոցիալական սպասարկում՝ անհատական խնամք, իրավաբանական խորհրդատվություն եւ այլն, 5) բարոյական աջակցություն եւ հոգեբանական վերականգնում (հասարակության կողմից գնահատանք, սեփական կարեւորության գիտակցում, սեփական կենսափորձի փոխանցման հնարավորություններ, ֆիզիկական եւ հոգեբանական պաշտպանվածություն), 6)շփում, հաղորդակցում ու ժամանց (ինչպես ծանոթների ու հասակակիցների հետ շփում, այնպես էլ աշխարհում ու երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացվածության հնարավորություն), 7) սոցիալական ակտիվություն (համայնքի եւ հասարակական կյանքին լիարժեքորեն մասնակցելու հնարավորություն, իրավունքների պաշտպանություն), 8) որոշակի սահմանված արտոնություններ եւ այլն:
Տարեցների հիմնախնդիրներով եւ նրանց ծառայություններ մատուցելու գործունեությամբ զբաղվում են պետական եւ ոչ պետական կազմակերպությունները: Պետական համակարգում ինստիտուցիոնալ հաստատություններ են տուն-ինտերնատները: Տարեցների համար պետական ոչ ինստիտուցիոնալ սպասարկման ձեւերից է տարեցների սպասարկման հանրապետական կենտրոնը, որն իրականացնում է տնային սպասարկում: «Տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը» սպասարկում է 1200 կարիքավոր միայնակ տարեցների (կենսաթոշակային տարիքի հասած) եւ 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամների՝ անկախ տարիքից:
Այսօր հասարակական կազմակերպությունների կողմից տարեցներին մատուցվող ծառայություններն իրականացվում են ապակենտրոնացված համայնքահեն սպասարկման համակարգի միջոցով: Այն իրենից ենթադրում է տարեցների սպասարկում իրենց իսկ տներում, իսկ կենտրոնացված սպասարկման դեպքում (տեղական կենտրոնացում) ծառայությունները մատուցվում են տանը կամ համայնքային կենտրոններում: Տարեցների սպասարկման համայնքահեն մոդելը Հայաստանում ներդրվել է «Առաքելություն Հայաստանի» կողմից:
Տարեցների հիմնախնդիրների լուծման կարեւոր ուղղություններից մեկն արժանավայել պետական կենսաթոշակային ապահովման համակարգի ստեղծումն է, որը, չնայած վերջին ավելացումներին, կարիք ունի զարգացման եւ բարելավման: Պետական համակարգում գործում են սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ (ՍԾՏԳ), որոնց գործունեությունը սահմանափակվում է ընտանեկան նպաստների բաշխմամբ եւ տարեցներին որոշակի սոցիալական աջակցություն տրամադրելով:


Հայաստանի սոցիալական պատկերը

        Ցուցանիշը 2003 2004 2005 2006 2007
Անձերի միջին թիվը մեկ ընտանիքի հաշվով (մարդ) 3.6 3.6 3.6 3.6 3.6
Նպաստառու ընտանիքների քանակը (հազար ընտանիք) 139.0 139.0 139.0 132.4 125.1
Աղքատության նպաստի գծով ծախսերը՝ ՀՆԱ-ի նկատմամբ(%) 0.8 1.0 1.0 1.2 1.2
Նպաստի միջին ամսեկան չափը (ՀՀ դրամ) 7642 9650 12115 15697 17875
Աղքատության պարենային գիծը՝ մեկ շնչի հաշվով (ՀՀ դրամ) ըստ ԱՀՌԾ-ի 7632 7827 8001.9 8206.8 8420.2
Ամսեկան նպաստի չափը՝ մեկ շնչի հաշվով (ՀՀ դրամ) 2140.0 2702.3 3393.1 4396.6 5006.6
Աղքատության պարենային գծի նկատմամբ (%) 28.0 34.5 42.4 53.6 59.5

Ցուցանիշը 2003 2004 2005 2006 2007
Հիմնական կենսաթոշակի չափը (ՀՀ դրամ) 3000 3000 4000 4250 45000
Ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը
(ՀՀ դրամ)
100 140 150 180 210
Աշխատանքային կենսաթոշակների թվաքանակը (հազար մարդ) 485.4 489.3 483.4 477.6 481.9
Կենսաթոշակի միջին ամսեկան չափը (ՀՀ դրամ) 5660 8350 9369.2 10760.9 12060.0
Սոցիալական կենսաթոշակառուների թվաքանակը (հազար մարդ) 46.7 46.1 46.1 47.7 48.0
Կենսաթոշակի միջին ամսեկան չափը (ՀՀ դրամ) 3530 3900 5087.9 5452.2 5814.5


  Այսպիսով, տարեցներն ստանում են սոցիալական ապահովություն կենսաթոշակային ֆոնդի միջոցով եւ սոցիալական աջակցություն նպաստի միջոցով: Դեռեւս 2000 թվականի սկզբին ՀՀ կառավարությունը հաստատեց եւ հավանության արժանացրեց կենսաթոշակային ապահովման եւ սոցիալական ապահովագրության համակարգերի նոր ռազմավարությունները, որոնք ենթադրում են 30 տարվա ընթացքում ստեղծել կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգ: Այն արդեն ներդրվել է ՀՀ-ում եւ գործում է «կյանքի ընթացքում վճարիր եւ ստացիր» սկզբունքով:
Տարեցների առկա կարիքներն ու հիմնախնդիրները կառավարությանը բերում են որոշակի պատասխանատվության՝ մշակելու եւ իրականացնելու համապատասխան սոցիալական քաղաքականություն: Սոցիալական քաղաքականության մակարդակում մշակվում են ծրագրեր, եւ կառավարությունը ձեռնամուխ է լինում հատուկ պայմաններ ստեղծել տարեցների համար: Սոցիալական քաղաքականությունը գործունեություն է կամ միջոցառումների համակարգ՝ ուղղված սոցիալական հիմնախնդիրների լուծմանը. այն սոցիալական պրոբլեմների լուծման հավաքական ռազմավարություն է:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերից են տնային պայմաններում միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման ընդլայնումը եւ ծառայությունների կազմակերպումը հանրապետության մարզերում՝ համագործակցելով «Առաքելություն Հայաստանի» հետ, հաշմանդամների պրոթեզավորումը եւ վերականգնողական պարագաների տրամադրումը, վերականգնողական օգնության տրամադրման կարգի մշակումը, ինչպես նաեւ տարեցների սոցիալական պաշտպանության 2007-2015 թթ. նպատակային ծրագրի մշակումը:
Սոցիալական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացում նախատեսվում են մի շարք միջոցառումներ.
• Սոցիալական աջակցության հասցեականության ընդլայնում, սոցիալական աջակցության բնագավառի խնդիրների կանոնակարգում
• Համագործակցություն միջազգային եւ հասարակական կազմակերպությունների հետ
Սոցիալական աջակցության վարչության հեռանկարային ծրագրերից են՝
• սոցիալական աջակցության ոլորտում՝ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված երաշխիքների իրականացմանը վերաբերող օրենսդրության մշակումը,
• սոցիալական աջակցության ոլորտի վերաբերյալ ընդունված ՀՀ օրենքների կիրառումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի մշակումը եւ պետական գրանցումը,
• անապահով ընտանիքների սոցիալական աջակցությանն ուղղված առավել նպատակային եւ հասցեական հատկացումների ծրագրերի մշակումը,
• ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության նշանակման եվ վճարման աշխատանքների կազմակերպման համակարգումը,
• համայնքային եւ տնային տնտեսությունների հետազոտության արդյունքների հիման վրա անապահովության գնահատման կարգի կատարելագործումը, օգտագործվող չափանիշների եւ դրանց ձեռքբերման մեխանիզմների հստակեցումը,
• սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման գործում տեղական ինքնակառավարման մարմինների դերի մեծացումը,
• սոցիալապես անապահով խավերի համար լրացուցիչ սպասարկման եւ ծառայությունների մատուցման հանրապետական նպատակային ծրագրերի մշակումը եւ իրականացումը,
• սոցիալական աշխատանքի ինստիտուտի ընդլայնումը եւ սոցիալական աշխատողի կարգավիճակի, իրավունքների եւ պարտականությունների հստակեցումը:
Տարեցներին ուղղված սոցիալական քաղաքականության մշակման եւ իրականացման գործընթացից է կախված ՀՀ-ում տարեցներին՝ որպես քաղաքական ու քաղաքացիական ռեսուրսի ընկալումը: Ուստի շահագրգիռ կողմերը պետք է հետեւողական լինեն եւ մասնակցություն ցուցաբերեն տարեցների հիմնախնդիրների լուծմանն ուղղված սոցիալական քաղաքականության ողջ գործընթացին:

Հղումներ
ՀՀ 2008-2010 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 738-ն որոշում
Социальная политика:/ под общ. ред. б. э. н., проф. Н. А. Волгина. Москва 2004г.
www.mss.am
http://www.un.org/esa/socdev/ageing


Թեհմինե Բադալյան, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ
 



ՍԿԻԶԲ


ՄԵՐ ՄԱՍԻՆ ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ ՖՈՏՈԱՐԽԻՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՊ ԴՈՆՈՐՆԵՐ





Copyright © 1994-2016 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us