ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


07.10.2010թ.

Ամփոփվեց տարեցների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը

Ս.թ. հոկտեմբերի 7-ին Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի
ունեցավ հանդիսավոր տոնակատարություն, որով եզրափակվեց ?Առաքելություն Հայաստան?
բարեգործական հասարակական կազմակերպության (ԱՀ ԲՀԿ) միջոցառումների շարքը՝ նվիրված
Տարեցների միջազգային օրվան, որոնք նշվել են հոկտեմբերի 1-7-ը Հայաստանի ութ
մարզերում գործող ԱՀ ԲՀԿ ենթակառույցների միջոցով:

Ամփոփիչ միջոցառմանը մասնակցում էին շուրջ 120 տարեցներ, ովքեր ԱՀ ԲՀԿ շահառուներն
են հանդիսանում, ինչպես նաև պետական այրեր, քաղաքական, հասարակական և մշակույթի
գործիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումն իրենց
երգերով առավել տպավորիչ դարձրեցին հայ երգիչ-երգչուհիները, նվագակցությունն
ապահովում էր Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը՝
Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ, որոնց երաժշտության շնորհիվ հաջողվեց տարեցների
կյանքից ևս մեկ օր դարձնել իրական տոն:

ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը տարեցների համար քաղցրավենիք էր ուղարկել: Դա շատ
հաճելի անակնկալ էր տարեցների համար:

Տարեցների միջազգային օրվան նվիրված այս ամփոփիչ միջոցառումը կազմակերպելու համար ?Առաքելություն
Հայաստանին? աջակցել էին Կոկա-Կոլա Հայաստան ՀԲՔ Արմենիա ՓԲԸ-ն, Ինեկոբանկը և ?Մանչո-Գրուպ?
ՍՊԸ-ն:



Տոնակատարությունն
առանձնացավ նրանով, որ տարեցները ևս անակնկալ մատուցեցին ներկաներին. ԱՀ ԲՀԿ
շահառու տարեցներից բաղկացած երգչախումբը և պարի խմբակը կատարումներ նվիրեցին
ներկաներին՝ գեղեցիկ պահեր պարգևելով և ապացուցելով, որ կյանքը կարելի է վայելել
ցանկացած տարիքում:

1990 թվականին Միավորված Ազգերի Կազմակերպությունը հոկտեմբերի 1-ը հռչակեց
Տարեցների միջազգային օր: Այդ օրից ի վեր, յուրաքանչյուր տարի հոկտեմբեր ամսին
աշխարհով մեկ իրականացվում են տարեցներին նվիրված միջոցառումներ:

Տարեցների միջազգային օրվա նպատակն է մեծարել տարեցներին, շեշտել տարեցների դերն ու
անփոխարինելիությունը որպես փորձի, հմտությունների, արհեստների և ավանդույթների
փոխանցման արժեքավոր աղբյուր, ինչպես նաև ապահովել նրանց մասնակցությունը պետական և
հասարակական կյանքին: Միջոցառումները նաև միտված են բարձրացնելու հասարակության
իրազեկությունը տարեցների հիմնախնդիրների վերաբերյալ, ի լուր բոլորի հայտնելու
ներկայումս աշխարհում տեղի ունեցող գլոբալ ծերացման փաստը:

Այսպես, ըստ վիճակագրական կանխատեսումների, մինչև 2050 թվականը տարեց մարդկանց թիվը
600 միլիոնից կհասնի մինչև գրեթե 2 միլիարդի, 60 և ավելի տարիք ունեցող անձանց
համամասնությունը 10-ից կդառնա 22 տոկոս, իսկ երեխաներինը՝ 33-ից կնվազի մինչև 20
տոկոսի: Պատմական այս անցումը կհանգեցնի այն բանին, որ մարդկության պատմության մեջ
առաջին անգամ տարեցներն ու երիտասարդները կունենան հավասար թվաքանակ: Ծերերի թվի
կտրուկ աճը միայն պարզ ժողովրդագրական փոփոխություններ չէ, որ առաջ է բերում. դա իր
հետևանքներն է թողնում պետական և հասարակական բոլոր բնագավառների վրա՝ ներառյալ
սոցիալական պաշտպանության միջոցները, զբաղվածությունը, աշխատանքի շուկան և
տնտեսական աճը:

Տարեց մարդիկ առանձնացված կատեգորիա չեն: Մենք բոլորս էլ մի օր ծերանալու ենք, եթե
մեզ բախտ վիճակվի: Տարեցներին`իրենց արժանի բարեկեցիկ և արժանապատիվ կյանք
ապահովելու համար մենք պետք է նպաստենք նրանց մասնակցությանը հասարակական ակտիվ
գործունեության մեջ, որը կօգնի օգտագործել նրանց հնարավորություններն ի նպաստ
ծերերի և ողջ հասարակության` այդպիսով նպաստելով ինչպես ծերերի կենսակերպի
բարելավմանը, այնպես էլ հասարակության կողմից ծերերին որպես արժեքավոր ռեսուրս, այլ
ոչ թե՝ բեռ, ընկալելուն:

Լինելով տարեցներին սատարող և նրանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպություն՝ ?Առաքելություն
Հայաստան? ԲՀԿ-ն յուրաքանչյուր տարի կազմակերպում է նմանատիպ միջոցառումներ՝
փորձելով տարեցների առօրյան ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնել:





 


Դիտել նկարներ



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us