ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


30.11.2009թ.

?Արծվաբույն? տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնը վերանորոգվեց ճապոնական կառավարության տրամադրած դրամաշնորհի եւ Աղվան Հովսեփյանի նվիրատվության միջոցով

      Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում գտնվող ?Արծվաբույն? տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնն այսուհետ 12 շահառուի փոխարեն կսպասարկի ավելի քան 40 միայնակ եւ անօթեւան տարեցների ու հաշմանդամների:


      Նոյեմբերի 28-ին Արծվանիկ գյուղում տեղի ունեցավ տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնի վերաբացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ դատախազության պաշտոնյաներ՝ ի դեմս գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի, ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ ներկայացուցիչներ՝ ի դեմս կազմակերպության նախագահ Հ. Կիրակոսյանի, Սյունիքի մարզային իշխանությունները եւ այլ մեծապատիվ հյուրեր: Հյուրերին կենտրոնում դիմավորեցին աղ ու հացով, որից հետո պարոն Հովսեփյանն ու տիկին Կիրակոսյանը կտրեցին կենտրոնի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը: Այնուհետեւ հյուրերը շրջեցին արդեն իսկ վերանորոգված կենտրոնում, այցելեցին կաթսայատուն, գնահատեցին արված գործը, որից հետո ծառատունկ կատարեցին՝ ի նշան կենտրոնի լիարժեք եւ հաջող շահագործման: Կենտրոնում հյուրերին անհամբեր սպասում էին թե՛ աշխատակիցները, թե տարեց շահառուները: Վերջիններս հյուրերի հետ սեղան նստեցին եւ իրենց շնորհակալական խոսքը հղեցին բոլոր նրանց ովքեր այս մարդասիրական գործում իրենց ներդրումն են ունեցել: Տիկին Կիրակոսյանը եւս երախտիքի խոսք հղեց թե՛ ճապոնական կառավարությանը, թե՛ պարոն Հովսեփյանին, թե՛ շինարարներին, ովքեր մեծագույն նվիրումով սատար կանգնեցին միայնակ, անօթեւան, կարիքավոր մեր տարեց հայրենակիցներին:


      Մինչ օրս ?Արծվաբույնը? շահառուների ընդգրկման սահմանափակ հնարավորություններ ուներ եւ սպասարկում էր ընդամենը տասներկու տարեցների: Այսօր արդեն կենտրոնն ունի ծերանոցի կարգավիճակ եւ իրականացված վերանորոգման արդյունքում ի վիճակի է շուրջօրյա սպասարկել ավելի քան 40 շահառուի՝ ի շնորհիվ ճապոնական JICA դրամաշնորհային ծրագրի 30 մլն. ՀՀ դրամ ֆինանսավորման: Կենտրոնի ջեռուցումն իրականացվել է ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ին նվիրաբերած Աղվան Հովսեփյանի լուսանկարների վաճառքից գոյացած 14 մլն դրամի միջոցներով, որով անցկացվել է ջեռուցման ժամանակակից համակարգ, կառուցվել կաթսայատուն, ապահովվել է վերջինիս մեկնարկման ու գործարկման համար անհրաժեշտ վառելիքի զգալի մասը:


      Այս անհատական նվիրատվությունն ամրագրվել էր 2009թ.-ի մարտի 8-ին նկարիչների միությունում Ա. Հովսեփյանի մոր ծննդյան տարեդարձին նվիրված լուսանկարների ցուցահանդեսից հետո ստորագրված հուշագրով: Վերջինիս համաձայն պարոն Հովսեփյանը լուսանկարների իր հավաքածուից 85 նկար նվիրաբերեց ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ին, որպեսզի կազմակերպությունն այդ նկարների վաճառքից ստացված հասույթն ուղղի ?Արծվաբույն? տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոնի վերանորոգման աշխատանքներին:


      Կենտրոնը կացարան ու շուրջօրյա բազմապիսի ծառայություններ է տրամադրում մշտական բնակության վայր չունեցող այն միայնակ, անօթեւան տարեցներին ու հաշմանդամներին, ովքեր մասամբ կամ ամբողջովին կորցրել են ինքնասպասարկման կարողությունը եւ ունեն խնամքի ու հոգածության կարիք: Այդ շահառուներին տրամադրվում են սնունդ, սոցիալ-հոգեբանական, շուրջօրյա բուժքույրական, ինչպես նաեւ անհատական խնամքի ծառայություններ:


      ?Առաքելություն Հայաստանն? իր խորին երախտագիտությունն է հայտնում այն բոլոր կառույցներին եւ անհատներին, որոնք իրենց ներդրումն ու աջակցությունն են ցուցաբերել այս կենտրոնի ստեղծման ու շահագործման գործում, եւ խրախուսում է ցանկացած բնույթի օժանդակություն, որը կնպաստի կենտրոնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու կարիքավոր շահառուների համար իրականացվող ծրագրերի, մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:


Դիտել բոլոր լուսանկարները



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us