ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


30.10.2009թ.

Տարեցների միջազգային օրվան նվիրված տոնակատարություններն ամփոփվում են

   
?Առաքելություն Հայաստանի? բոլոր ենթակառույցներում նշվեց տարեցների միջազգային օրը: Կազմակերպության տարբեր համայնքային եւ ցերեկային կենտրոններում շուրջ մեկ ամսվա կտրվածքով ծավալվեցին եւ հաջողությամբ իրականացվեցին մի շարք մշակութային ու ժամանցային միջոցառումներ, հավաքույթներ, խնջույքներ:
?Առաքելություն Հայաստանի? աշխատակիցները փորձեցին միջազգայնորեն սահմանված օրը տոնի վերածել՝ կարեւորելով հասարակության մեջ տարեցների ունեցած բազմամյա ներդրումը:

Միջոցառումները հավուր պատշաճի իրականացնելու համար կազմակերպությունը ֆինանսական միջոցներ էր հատկացրել տարբեր ցերեկային ու համայնքային կենտրոնների: Տարեց շահառուների տոնին նվիրված միջոցառումների իրականացման հարցում օժանդակել էին նաեւ շվեդական ?Կարիտասի? ներկայացուցիչները՝ Չարլզ Կամարան եւ Ստեֆան Բիլետիկը: Բացի այդ առանձին ընկերություններ, անհատ ձեռներեցներ, պետական այրեր եւս աջակցել էին տոնի լիարժեք կայացմանը, որի համար թե՛ կազմակերպությունը, թե՛ շահառուներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնում:

Հոկտեմբերի 1-ից կազմակերպության մի շարք մարզային ենթակառույցներում, ինչպես նաեւ մայրաքաղաքի ցերեկային կենտրոններում, մեկնարկեցին տոնական միջոցառումները: Բարեգործական ճաշարաններից օգտվող շահառուների համար այս օրվա ճաշացանկը բավականին հագեցած էր, իսկ որոշ կենտրոններում տոնական տորթի առկայությունն օրվա բացառիկության եւ կարեւոր առիթի մասին էր վկայում:

Մասիս քաղաքի բարեգործական ճաշարանում կազմակերպված միջոցառմանը հյուրընկալվել էին նաեւ Մասիսի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ովքեր հանդես եկան ողջույնի խոսքերով ու ջերմագին բարեմաղթանքներով:

Հոկտեմբերմեկյան տոնակատարություններն իրենց շարունակությունն ունեցան ամսվա մյուս օրերին եւս: Կապանի քաղաքապետարանի աշխատակիցները մասնակցեցին համայնքային կենտրոնում կազմակերպված միջոցառմանը, որի ժամանակ ընթերցեցին քաղաքապետի՝ Արթուր Աթայանի ուղերձը. ?Երջանիկ է նա, ով անհոգ պատանեկությունից եւ հոգսաշատ երիտասարդությունից հետո խաղաղ ծերություն է վայելում: Պիտի բարձրաձայնենք, որ ավագ սերնդի հանդեպ մեր պարտքն այսօր լիարժեք չենք կարողանում կատարել, սակայն ամեն կերպ փորձում ենք մեր հարգանքով եւ ուշադրությամբ լինել ձեր կողքին?: Քաղաքապետը նաեւ նվեր-փաթեթներ էր ուղարկել շահառուներին, իսկ ?Սլադկով? ՍՊԸ-ի ներկայացուցիչն իր հետ բերել էր քաղցրավենիքի ծանրոցներ:

Հրազդանի համայնքային կենտրոնում հոկտեմբերի 8-ին կայացած միջոցառմանը մասնակցում էր Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, իսկ Սպիտակի ցերեկային կենտրոնում կազմակերպված միջոցառումը՝ Սպիտակի քաղաքապետը՝ Գագիկ Սահակյանը: Սպիտակի բարեգործական ճաշարանում շահառուների համար հյուրասիրություն էր կազմակերպվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի տրամադրած միջոցներով:

Նոր Նորքի համայնքային կենտրոնում կայացած միջոցառման ժամանակ ընթերցվեց ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ նախագահ տիկին Կիրակոսյանի ուղերձը: Ահա մի մեջբերում այդ ուղերձից. ?Մանուկ, պատանի, երիտասարդ, տարեց, ծեր? Այս հինգ հասակների ջերմ կապվածության մեջ է կյանքի քաղցրությունը: Նրանցից որն էլ մեկուսացված կամ լքված լինի, դժբախտ կզգա իրեն, մանավանդ ծերն ու անօգնականը: Ահա, ինչու խոսքս ուղղում եմ երիտասարդությանը՝ մենք բոլորս տարեցներից սովորելու շատ բան ունենք եւ նրանց արժանավայել կյանքի համար մե՛նք ենք պատասխանատու?:

Բացի պաշտոնական ուղերձներից եւ այցերից, տոնական հյուրասիրությունից ու նվերներից շահառուներին սպասվում էին մշակութային հետաքրքիր միջոցառումներ, երգ ու պար, կենացներ, մի խոսքով՝ իսկական խնջույք:

Այսպես, Նոր Նորքի համայնքային կենտրոնում անցկացված միջոցառմանը կենտրոնի աշխատակիցները հրավիրել էին ժողովրդական եւ գուսանական երգերի մեներգչուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Օֆելյա Խաչատրյանին, որին նվագակցում էր Ավանի բարեգործական ճաշարանի շահառու՝ դաշնակահարուհի Աիդա Մնացականյանը: Պրոֆեսիոնալներից հետ չէին մնում նաեւ մյուս շահառուները: Մյուս ցերեկային կենտրոններում տոնակատարության մշակութային մասն ապահովում էին տարբեր պարային խմբեր, երգիչ-երգչուհիներ, թատերական խմբակներ, տաղանդաշատ մանուկներ եւ պատանիներ:
Շահառուների գոհունակությունն ակնհայտ էր. հարգված, սիրված, ուշադրության արժանացած լինելու զգացողությունը յուրաքանչյուր մարդու, առավել եւս տարեցի համար ամենակարեւորն է սեփական կյանքի անցած ուղին, արվածն ու չարվածը գնահատելու, սեփական ?եսն? արժեւորելու հարցում: Իսկ դրա վկայությունը շահառուների շնորհակալական կենացները եւ երախտիքի խոսքերն էին ?Առաքելություն Հայաստանի? աշխատակազմին՝ հանձինս կազմակերպության նախագահ Հ. Կիրակոսյանի: ?Մենք շնորհակալ ենք, որ մեր երկրում կա մի կառույց, որը տարիներ շարունակ իր հոգատար, բարեխիղճ աշխատակազմով հոգում է տարեցների հոգսերը՝ իմանալով յուրաքանչյուրի խնդիրները, իսկ նման կառույցը կարող է ղեկավարել եւ ողջ լուծն իր ուսերին կրել միայն իսկական քրիստոնյան, ինչպիսին Հռիփսիմե Կիրակոսյանն է?: Սրանք Աջափնյակի ցերեկային կենտրոնի շահառու Սերոբ Բադալյանի խոսքերն են:

Այսօր իրենց փոքրիշատե երջանիկ զգացող ժպտադեմ տատիկներն ու պապիկները շնորհավորում էին միմյանց եւ խոստովանում, որ երկար ժամանակ է, ինչ այսպես չէին ուրախացել, այսքան դրական հույզեր չէին ստացել:

Կազմակերպության շահառուների համար անակնկալ էր պատրաստել նաեւ ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ կենտրոնական գրասենյակը. Շենգավիթ համայնքի մի շարք շահառուներ հյուրընկալվել էին ?Շանթ? հեռուստաընկերություն՝ ?Ժողովրդական տասնյակ? նախագծի համերգային ծրագրին, որն, ընդամենը 1 ամիս լինելով եթերում, հատկապես գրավել էր մեր տարեց շահառուների լսարանը՝ դառնալով նրանց համար սիրելի եւ հոգեհարազատ, ժամանցի եւ հոգեւոր-մշակութային կյանքի ապահովման ուրույն միջոց:


Այսպիսով, ամփոփվեցին տարեցների օրվան նվիրված միջոցառումները ?Առաքելություն Հայաստանի? ՀՀ գրեթե ողջ տարածքում գործող ենթակառույցներում, սակայն չավարտվեցին կարիքավոր տարեցներին ուղղված կազմակերպության բազմապիսի ծրագրերն ու ծառայությունները: Իսկ վերջիններիս իրականացումը հնարավոր է միմիայն մեր եւ մեր աջակիցների համատեղ ջանքերի ու հարատեւ համագործակցության շնորհիվ: ?Առաքելություն Հայաստանը? երախտապարտ է բոլոր այն կառույցներին, անհատներին, բարերարներին ու նվիրյալներին, ովքեր հնարավոր դարձրին այս տոնակատարությունը, ժպիտ եւ տոն պարգեւեցին միայնակ ու կարիքավոր տարեցներին: Այսօրվա նրանց մեծարումը մեր արժանավայել ծերության առհավատչյան է:



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us