ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


30.06.2009թ.

ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելեցին ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ


Երեկ` հունիսի 29-ին, Առաքելություն Հայաստան ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանն
ընդունեց ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին, ովքեր
Հայաստանում են գտնվում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հրավերով
եւ ծերացման ոլորտում փաստահավաք առաքելությամբ:



Մինչ ծերացման եւ Հայաստանում ծերերի հիմնախնդիրների քննարկմանն անցնելը, հյուրերին
ներկայացվեց ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ-ի գործունեությունը` սկսած վաղ անցյալից,
կազմակերպության դերն ու նշանակությունը համայնքահեն սոցիալական ծառայությունների
մատուցման ոլորտում, վերոնշյալ ծառայությունների նշանակությունն ու
անհրաժեշտությունը, ինչպես նաեւ աշխարհագրական ներկայացուցչականությունը ՀՀ գրեթե
ամբողջ տարածքում:



Այնուհետեւ քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին բնակչության ծերացման
խնդիրներին: Կազմակերպության նախագահ Հ. Կիրակոսյանն իր մտահոգությունը հայտնեց մի
շարք հարցերի շուրջ, ինչպես նաեւ հանդես եկավ առաջարկություններով, որոնք
կենսագործման իրատեսական հիմքեր ունեն:



-Ցավալի է, սակայն մենք այսօր մեր երկրում չունենք պրոֆեսիոնալ սոցիալական պետական
համակարգ: Երբ մենք նշում ենք, որ չունենք մեր ստեղծած համակարգին այլընտրանք ո՛չ
պետական եւ ո՛չ էլ հասարակական սեկտորում, սրանք ինքնագովեստի խոսքեր չեն, եւ
ամենեւին ցանկալի չէ այսպիսի իրավիճակը: Մենք չենք ցանկանում լինել օազիս: ?Առաքելություն
Հայաստանը?, լինելով բավականին փորձառու կազմակերպություն սոցիալական համայնքահեն
ծառայությունների մատուցման ոլորտում, պետության, մասնավորապես պետական
համապատասխան ենթակառույցների հետ կիսվում է իր փորձով: Ավելին, մենք չենք
ցանկանում նաեւ լինել փակ համակարգ: Մենք ունենք բավականին մեծ փորձ, սակայն
ռեսուրսներն են քիչ այդ փորձն ու ջանքերն ամբողջովին գործադրելու` առավել մեծ
արդյունավետության հասնելու համար,- նշեց Հ. Կիրակոսյանը:



- Մենք կարեւորում ենք սոցիալական աշխատանքի դերը, որը պետք է վերհանի սոցիալապես
խոցելի եւ կարիքավոր խմբերի հիմնախնդիրները եւ ճշգրիտ գնահատի նրանց կարիքները: Իսկ
այսօր մեր իրականությունում բախվում ենք այն խնդրի հետ, որ պետական սոցիալական
ծառայությունների աշխատողները սոսկ վարչական ծառայություններ են մատուցում այս
խոցելի եւ կարիքավոր խմբերին: Նրանք չեն իրականացնում ո'չ տունայցեր, ո'չ խնամքի
ծառայություններ, ո'չ իրավունքների պաշտպանություն, ո'չ էլ այլ տիպի սոցիալական
գործառույթներ: Մտահոգիչ է եւս մի փաստ. ծերերի հիմնախնդիրները շատ ավելի քիչ են
բարձրաձայնվում, քան այլ տարիքային խմբերինը: Մենք չունենք ծերաբույժներ,
ծերաբաններ, սակայն դրանց կարիքն ու անհրաժեշտությունն, իրավամբ, զգացվում է:
Հիվանդ, անկողնային, միայնակ կամ մեկուսացված ծերերն ունեն, օրինակ, առողջապահական
ծառայություններից օգտվելու դժվարություններ թե' ֆինանսական, թե' բարոյահոգեբանական
տեսանկյունից:



Ինչպես նշեց կազմակերպության նախագահը, այս ամենի հետ մեկտեղ ուրախալի եւ հուսադրող
է այն փաստը, որ ՀՀ իշխանությունները սկսած 2007 թվականից որոշակիորեն
համաֆինանսավորում են ծերերին ուղղված ?Առաքելություն Հայաստանի? ծրագրերը:

-Մենք համագործակցում ենք ՀՀ կառավարության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններ հետ: Ինչ վերաբերում
է վերջիններիս, ապա հենց նրանք պետք է պատասխանատու լինեն իրենց կառավարման տակ
գտնվող համայնքների խոցելի խմբերի համար,- այսպես է կարծում Կազմակերպության
նախագահը,-սակայն, ինչպես հայտնի է, ՏԻՄ-երն ունեն բավականին փոքր բյուջե, իսկ
խոցելի խմբերին օգնություն տրամադրելը նրանց համար ոչ պարտադիր` կամավոր, բնույթ է
կրում:



Տիկին Կիրակոսյանի առաջարկություններից մեկն էլ հետեւյալն է. յուրաքանչյուր համայնք
ինքը պետք է կատարի սեփական կարիքների գնահատում: ՏԻՄ-երն իրենց բյուջեն պետք է
բաշխեն` հիմնվելով այդ գնահատման արդյունքների վրա: Համայնքները պետք է ունենան
սոցիալական աշխատողներ, որոնք կմատուցեն խոցելի խմբերին բազմաբնույթ սոցիալական
ծառայություններ: ՏԻՄ-երը պետք է պրակտիկ եւ առօրյա հետեւողական աշխատանք կատարեն
իրենց համայնքի խոցելի խմբերի համար: Ինչ վերաբերում է աշխատանքի եւ սոցիալական
հարցերի նախարարությանը, ապա այն պետք է մշակի ռազմավարական պլաններ, առանձին
մարտավարական ծրագրեր, մեթոդաբանություններ:



Ըստ Հ. Կիրակոսյանի, ի հակադրություն վերը նշվածի, ?Առաքելություն Հայաստանի?
համագործակցությունը համայնքների հետ միայն բարի կամքի եւ անձերի հետ
համագործակցության եզրեր գտնելու վրա է հիմնված:

-Օրենսդրական դաշտով չի կարգավորվում այս համագործակցությունը, մինչդեռ պետք է լինի
համապատասխան պայմանագիր, օրենք, որը հնարավորություն կտա խուսափել ցանկացած տեսակի
կամայականություններից, որոնք շատ հաճախ են պատահում մեր իրականությունում, իսկ մեր
կազմակերպությանն էլ զերծ կպահի հայցողի կարգավիճակից` համայնքային
իշխանությունների հետ հարաբերությունները դնելով գործընկերային-համագործակցային
հիմքի վրա,- նշեց կազմակերպության նախագահը:



Հանդիպման վերջում խոսվեց նաեւ սոցիալական աշխատողի դերի եւ կարգավիճակի մասին:
Սոցիալական աշխատողներն օրենքով պաշտպանված չեն, չունեն արտոնություններ, նրանք
աշխատանքային շուկայում չեն գտնում մասնագիտական աշխատանք, բացի այդ եղած աշխատանքն
էլ խիստ ցածր վճարվող է: Այսօր դեռ մեր հասարակությունում չի ձեւավորվել սոցիալական
աշխատանքի եւ սոցիալական ծառայությունների մատուցման համապատասխան մշակույթ, ավելին,
անտեսվում է դրանց դերը, նշանակությունը, աշխատանքն էլ անպատվաբեր է համարվում,
ինչը, սակայն, զարգացած երկրներում սոցիալական բարեկեցության առաջին նախապայմանն է:



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us