ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


25.05.2009թ.

Տարեցները նշում են Սուրբ Համբարձման տոնը՝ ժողովրդական լեզվով Ջանգյուլումը


   
Սուրբ Համբարձման տոնը նշեցին նաեւ ?Առաքելություն Հայաստան? բարեգործական
հասարակական կազմակերպության շահառուները: Գյումրիի ցերեկային կենտրոնում անցկացվող
միջոցառումը, ինչպես նաեւ էքսկուրսիան դեպի պատմական վանքեր կազմակերպել էր ?Առաքելություն
Հայաստանի? Շիրակի համայնքային կենտրոնի սոցիալական աշխատող Սուսաննա Մարդոյանը:
Վերջինս շահառուներին տեղեկություններ հաղորդեց տոնի իմաստի եվ պատմության մասին,
ինչը շատ հետաքրքրեց շահառուներին:

Սուրբ Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա
շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը` հինգշաբթի: Ավետարանի համաձայն`
Հարությունից հետո Քրիստոսը 40 օր մնում է երկրի վրա և երևում իր աշակերտներին: Այդ
ընթացքում Հիսուսն իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման
ժամանակ օրհնում ու պատգամներ է տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է
երկինք:


   
Քրիստոսի Համբարձման տոնը հայկական տարբեր բնակավայրերում ուղեկցվում է ժողովրդական
հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում: Չնայած տոնը պահպանել է իր սրբազան
իմաստը, այնուամենայնիվ ժողովրդական տոնակատարությունների, հանդիսությունների եւ
ավանդույթների տեսանկյունից փոքր-ինչ ձեւափոխվել է:

Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթիից: Կանայք այդ
օրն անվանում էին ?Ծաղկամոր կիրակի?: Ծաղկամայրն, ըստ ավանդության, քրիստոնյա
Վարվառե կույսն է, որը փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է Աշտարակի մոտ գտնվող
Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում, ուր նա ապաստանել էր
և սպանում դստերը: Նահատակվելուց առաջ Վարվառեն խնդրում է Աստծուց, որ ծաղիկ և
կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Աստված կատարում
է նրա խնդրանքը, և Վարվառեի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են
այդ հիվանդություններից: Այդ քարանձավը դարձել է ուխտատեղի: Քարանձավի պատերից
մշտապես ջուր է հոսում, որն ունի բուժիչ հատկություն: Ժողովուրդը հավատացած է, որ
այդ ջուրը Վարվառե կույսի արցունքներն են:



   
Սուրբ Համբարձման տոնի կապակցությամբ Գյումրիի համայնքային կենտրոնի մի խումբ
շահառուների համար բացի ավանդապատումներից ու եկեղեցական մեկնաբանումներից
կազմակերպվել էր նաեւ Էքսկուրսիա դեպի Ծաղկավանք՝ ?Վառվառե կույսի? եկեղեցի: Այստեղ
Շահառուները մասնակցեցին տոնին նվիրված պատարագին, աղոթեցին, մոմ վառեցին եվ դուրս
եկան եկեղեցուց, իրենց հետ վերցնելով բուժիչ ջուրը: Բնության գրկում հանգստանալուց
եւ նախաճաշելուց հետո ուղեւորվեցին Մուղնի՝ ?Սուրբ Աստվածածնի? եկեղեցի, ճաշից հետո՝
Կողբ՝ ?Սուրբ Գեւորգ? եկեղեցի, որտեղ նրանք ունկնդրեցին երեկոյան ժամեգությունը:



   
Ինչ վերաբերում է Համբարձման տոնի ժողովրդական հանդիսություններին, ապա
Ջանգյուլումը Հայաստանի տարբեր շրջաններում՝ գյուղերում, ավաններում եւ քաղաքաբնակ
վայրերում, յուրովի է նշվում դեռ վաղ անցյալից, սակայն հիմնական մի քանի պայմաններ
պահպանվում են ամենուրեք: Նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ տեղի է
ունենում վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու:
Տոնի օրը ջրով լի կժի մեջ գցում են ծաղիկների թերթիկներ և աղջիկներին պատկանող
զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում
կուժը, ծաղկեփնջերը և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգ ու պարով,
կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է
առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը,
որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:



   
?Առաքելություն Հայաստանի?, մասնավորապես Գյումրիի ցերեկային կենտրոնի տարեց
շահառուների վառ հուշերում են մնացել ավանդական Ջանգյուլումն ու վիճակ գցելու
արարողությունը: Մանկության եւ պատանեկության տարիների ամենահետաքրքիր
հիշողություններով կիսվելով, վերհիշելով կուժից դուրս եկած, սակայն իրականում ի
վերուստ սահմանված նախախնամությունը՝ տարեցները եւս մեկ անգամ իրենց ապրած կյանքն
ու անցած ուղին վերաիմաստավորելու հնարավորություն ստացան: Տոնին բնորոշ ավանդական
հյուրասիրությունը, որ կազմակերպել էր Ս. Մարդոյանը, անշուշտ, տեղին էր. այն
ամբողջացնում էր ժողովրդական տոնակատարության ծիսակարգը:



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us