ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ


“Ես գիտեմ, որ մի օր աշխարհը դատապարտելու է ցեղասպանությունը”

Ապրիլ 23, 2007

Նկարչուհի Հեղինե Աբրահամյանը ցեղասպանությունը վերապրածներից է: Նա 95 տարեկան է: Ծնվել է Կարսում: Ականատես է եղել հայերի բռնի տեղահանությանը Արդահանում եւ Կարսում: 1920 թվականին, երբ Հեղինեն ութ տարեկան էր, նրա ընտանիքը վերջնականապես լքել է Կարսը՝ ներգաղթելով նախ Գյումրի, ապա` Երեւան:
“Ես երեք տարեկան էի, երբ մեր ընտանիքն առաջին անգամ տեղահանվեց: Այդ ժամանակ մենք ապրում էինք Արդահանում,- պատմում է Հեղինե Աբրահամյանը:- Հայրս զինվորական աշխատող էր: Նրան նշանակել էին զինվորական մատակարար Երեւանում: Հայրս մեզ իր հետ Երեւան տարավ: Մեր վարձակալած տունը գտնվում էր այժմյան Օպերայի թատրոնի տարածքում: Այն ժամանակ այն ամայի վայր էր՝ մի քանի տներով ու այգիներով: Հիշում եմ՝ ես ու հարեւանի աղջիկն այդ այգիներից մեկում ծիրան կերանք, ձեռքերս կեղտոտվեցին, ուզեցի կռանալ, գետում լվանալ, ընկա մեջը: Գետն ինձ տարավ: Ինձ փրկեց մեր տանտիրոջ տղան: 1918 թվականին մայրս մահացավ, եւ մորաքույրներս ինձ ու եղբորս տարան Կարս”:
Հեղինեն ընդունվում է Կարսի օրիորդաց վարժարան: Սակայն 1920 թվականի նոյեմբեր ամսին Կարսը կրկին հարձակման է ենթարկվում թուրքերի կողմից: “Թուրքերն արգելում էին հայերին լքել քաղաքը: Սակայն հորս՝ որպես ռուսական բանակի զինծառայողի, մի վագոն տրամադրեցին, որպեսզի մենք հավաքենք իրերը ու հեռանանք: Հորաքույրս գնացել էր կայարան՝ իրերը դասավորելու: Հանկարծ նա վերադարձավ ու շփոթված հայտնեց, որ թուրքերը գրավել են կայարանը, եւ գնացքը գնացել է, մեր իրերն էլ մեջը: Արդահանից հետո երկրորդ անգամ էր, որ մենք կորցնում էինք մեր ունեցվածքը:
Այդ ժամանակ հայրս մեզ հետ չէր, երեւի զորամասում էր: Մենք մի ֆուրգոն նստեցինք եւ շտապեցինք դեպի ձորի ճանապարհը, որտեղով պիտի փախչեինք: Երբ հասանք ձոր, մի աներեւակայելի տեսարան բացվեց: Ձորը լի էր խուճապահար մարդկանցով, բոլորը փախչում էին՝ ոմանք ոտքով, մյուսները` սայլերով, ձիով, ինչպես պատահեր...Շատ չանցած` ճանապարհն այնքան լցվեց մարդկանցով, որ առաջ շարժվելն անհնար դարձավ: Մեր ֆուրգոնը կանգ առավ: Այդ ժամանակ նկատելով, որ հարմար առիթ է մարդկանց կոտորելու համար, թուրքերը բարձրացել էին ձորի երկու բարձունքներին եւ կրակում էին ժողովրդի վրա...Ես տեսա առաջին սպանվածին, ինձ համար այդ տեսարանն անտանելի էր, եւ ես հավանաբար ուշաթափվեցի: Երբ ուշքի եկա, մեր ֆուրգոնը դատարկ էր, մերոնք հեռացել էին՝ թողնելով ինձ մենակ: Ֆուրգոնի տակ մի քուրդ կին էր պատսպարվել՝ երեխան գրկին: Կողքին ընկած էր հորեղբորս չորս տարեկան աղջիկը՝ Ցողիկը, ազդրը փշրված: Նա արնաքամ եղավ եւ մահացավ աչքիս առաջ: Իսկ այդ քուրդ կինը ինձ վերցրեց, եւ մենք միասին շարունակեցինք ճանապարհը՝ հուսալով գտնել մեր հարազատներին”:
“Ձորում մի կամուրջ կար,- շարունակում է Հեղինե Աբրահամյանը,- Տեղացիներն այն “Մազե կամուրջ” էին անվանում, շատ նեղ էր, հազիվ մի մարդ կարող էր անցնել վրայով: Այդ ճոճվող կամրջի վրայով մարդիկ պիտի անցնեին: Դիմացից կրակում էին, իսկ ետ գնալ հնարավոր չէր, քանի որ բազմությունն առաջ էր գալիս: Մարդիկ ջուրն էին ընկնում, գետը կարմիր էր՝ արյունով ներկված: Ինձնից առաջ մի մարդ էր գնում՝ մեջքին մի մեծ պարկ: Հանկարծ նա ուժասպառ ընկավ: Չգիտեմ՝ ինձ ինչպես անցկացրին, գուցե նրա վրայո՞վ, բայց ես հայտնվեցի մյուս ափին: Ծանոթ մարդ էի փնտրում, հանկարծ ոտքերիս տակ հողը ցրիվ եկավ: Կրակում էին: Մի մարդ վազելով մոտեցավ ու ինձ իր շինելի մեջ փաթաթած՝ սկսեց վազել: Ես ոտքերով ու ձեռքերով հարվածում էի նրան՝ փորձելով ազատվել: Չէի գիտակցում, որ նա իմ փրկիչն է: Հասցնելով մի կիսաքանդ շինության մոտ՝ նա ինձ կոտրված ապակիների միջով ներս շպրտեց:
Իրար մեջ բացվող սենյակներում խումբ-խումբ մարդիկ էին հավաքված՝ վիրավոր ու պատառոտված շորերով: Նրանց մեջ մերոնց գտա: Քիչ անց կրակոցները դադարեցին, եւ իմացանք, որ Կարսի ճանապարհը բաց է: Վերադարձանք քաղաք՝ այդ ահավոր ձորում թողնելով տատիս ու հորեղբորս աղջկա դիերը”:
Հեղինե Աբրահամյանի պապը՝ Խորեն Ստամբոլցյանը, Կարսի Առաքելոց եկեղեցու քահանան է եղել: Սովորել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, այնուհետեւ ձեռնադրվել է քահանա եւ 1882 թվականից Կարսում վարել քահանայական պաշտոն՝ զուգահեռաբար ուսուցչություն անելով Կարսի երկսեռ դպրոցներում: Նա 1 8 87 թվականին Կարսի Ս. Աստվածածին եկեղեցում մկրտել է եղիշե Չարենցին:
Մինչեւ 1921 թվականի վերջը Խորեն քահանան եղել է Կարսում՝ ինը ամիս գերի մնալով թուրքերի ձեռքում: Այդ ընթացքում նա գրի է առել Կարսի գրավման եւ դրան հաջորդող իրադարձություններն իր “Կարսի անկումը” վերնագրով հուշամատյանում, որն այժմ գտնվում է պետական արխիվում: Նա Կարսից հեռացող վերջին հայերից է եղել:
1921 թվականի գարնանը որբանոցի երեխաներին գնացքով տեղափոխում են Լենինական: Հեղինեն ու եղբայրն այդ երեխաների մեջ էին:
“Կարս-Լենինական ճանապարհն այնքան էլ երկար չի,- պատմում է Հեղինե Աբրահամյանը,- սակայն ես այնպիսի տպավորություն եմ ստացել, որ գնում-գնում ենք ու տեղ չենք հասնում: Մեզ անասունների պես լցրել էին վագոնների մեջ, որոնք դրսից կողպված էին: Համաճարակ էր բռնկվել: Ես չեմ հիշում, սակայն հորաքույրս հետագայում պատմում էր, որ մահացած երեխաների դիակները պատուհանից դուրս էին գցում, որպեսզի համաճարակն ավելի չտարածվեր”:
Գյումրիում որոշ ժամանակ ապրելուց հետո նրանք տեղափոխվում են Երեւան: Հեղինեն հաճախում է դպրոց եւ այդ տարիներից ի վեր նրա մեջ հետաքրքրություն է ծնվում նկարչության հանդեպ: Սկզբում նա հաճախում է նկարչական դպրոց, ապա մեկնում Լենինգրադ՝ ուսումը շարունակելու Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում:
“Լենինգրադում ահավոր սառնամանիքներ էին: Մի քանի ընկերուհիներով մի սենյակ էինք վարձել եւ ապրում էինք խղճուկ ուսանողական թոշակով: Սենյակում այնքան ցուրտ էր, որ նկարելիս սառչում էինք: Այդ տարիներին մատներս ցրտահարվեցին՝ չդիմանալով 42 աստիճանի հասնող ցրտին”:
Վերադառնալով Երեւան՝ Հեղինե Աբրահամյանն աշխատանքի է անցնում Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում: Շուրջ երեսուն տարի նա նկարչություն է դասավանդել այդ ուսումնարանում՝ իր հմտությունն ու փորձը փոխանցելով շատ ուսանողների, այդ թվում նաեւ այնպիսի նշանավոր արվեստագետների, ինչպիսիք են Գրիգոր Խանջյանը, Օնիկ Մինասյանը, Լեւոն Կոջոյանը, Ռաֆայել Աթոյանը եւ ուրիշներ:
Այսօր էլ հարյուրամյակի շեմին հասած Հեղինեն շարունակում է նկարել: Բազում կիսատ կտավներ ունի, որ ավարտին պիտի հասցնի: Միայն մի ցավ անվերջ նրա աչքերում է՝ կորցրած հայրենիքի կարոտը:
“Ես գիտեմ, որ մի օր աշխարհը դատապարտելու է ցեղասպանությունը,-ասում է Հեղինե Աբրահամյանը,- Եվրոպան պիտի ճանաչի թուրքին եւ չվստահի նրա նենգ քաղաքականությանը, որովհետեւ եթե թուրքը հայերի ցեղասպանության բեռն ուսերին մտնի Եվրամիություն, ապա շատ արագ կկործանի նաեւ Եվրոպան”,-համոզված է նա:



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us