ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հինգ տարեկան Ալեքսանդրան Ամանորը կդիմավորի նկուղում

Դեկտեմբեր 25, 2006

Երեւանի Բագրատունյաց 43 հասցեում գտնվող բնակելի շենքի նկուղում արդեն կես տարի ապրում է մի ընտանիք` Ալեքսանդր Շումովիչը, կինը՝ փախստական Էլվիրա Մարտիրոսյանը, եւ նրանց հնգամյա դուստրը՝ Ալեքսանդրան:
Դեկտեմբերին, երբ ձմռան ցրտերն անտանելի են դարձել, Էլվիրա Մարտիրոսյանը դիմել է “Առաքելություն Հայաստան” կազմակերպությանը՝ խնդրելով օգնել իրենց: Այժմ Էլվիրան շաբաթվա հինգ օրերին կազմակերպության բարեգործական ճաշարանից տաք սնունդ է տանում “տուն”, իսկ սոցիալական աշխատողը` Գոհար Ամյանը, այցելելով նրանց՝ փորձում է պարզել ընտանիքի՝ այդ վիճակում հայտնվելու պատճառները:
Գոհարն ինձ ուղեկցում է կացարանը, որտեղ պատսպարված է երեք հոգանոց ընտանիքը: Այնտեղ հասնելու համար Գոհարը ստիպված է ամեն անգամ հաղթահարել բազմաթիվ դժվարանցանելի հատվածներ: Մենք հայտնվում ենք մի մութ տարածության մեջ, որտեղ հազիվ նշմարվում է երկաթյա դուռը:
Մոմերի աղոտ լույսի ներքո երիտասարդ մի կին է նստած եւ հրեշտականման մի աղջնակ:
Շուրջբոլորը խառնիխուռն առարկաներ են` փոքրիկ գազօջախ, ժամացույց, հագուստ, հայելի եւ էլի ինչ-որ իրեր, որոնք դարսված են իրար վրա կամ պարկերի մեջ: Էլվիրան մեզ հրավիրեց ներս՝ զգուշացնելով չվախենալ իրենց “ընկերակցող” առնետներից:

Էլվիրա Մարտիրոսյանը ծնվել է 1963 թվականին Բաքվում: Ընդունվել է Բաքվի կոնսերվատորիա, ապա ամուսնացել: Որդու՝ Ռաֆայելի ծննդից որոշ ժամանակ անց նա բաժանվել է ամուսնուց: Վերջինս զինվորական էր եւ ծառայում էր Հայաստանում:
“1988 թվականին որդուս հետ եկա Հայաստան: Սկզբում ապրում էինք հորաքրոջս տանը, սակայն հետո ես ընդունվեցի Երեւանի պետական կոնսերվատորիա, որպեսզի կիսատ թողած ուսումս ավարտին հասցնեմ: Այդ ժամանակ երկու ուսանող աղջիկների հետ միասին ապրում էինք Զեյթունի ուսանողական հանրակացարանում: Վիճակս շատ վատ էր, ես ափսոսում էի, որ խզել եմ բոլոր կապերը ամուսնուս հետ՝ չընդունելով նրա դրամական օգնությունը, որն ուղղված էր մեր որդուն: Զանգեցի եւ նրան հայտնեցի, որ մենք Հայաստանում ենք: Ամուսինս երբեմն գալիս էր, վերցնում Ռաֆայելին եւ տանում իր բարեկամների մոտ, սակայն ինձ հետ որեւէ կապ չուներ”,- պատմում է Էլվիրան:
Էլվիրան ավարտում է կոնսերվատորիան եւ աշխատանքի անցնում Արարատի մարզի Արեւաշատ գյուղի երաժշտական դպրոցում: Այդ ժամանակ ամուսինը տեղափոխվում է Մոսկվա: Էլվիրան հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, եւ ամուսինն առաջարկում է որդուն իր մոտ տանել:
“Համաձայնեցի, քանի որ ծայրահեղ պայմաններում էի գտնվում, անգամ բնակարան չունեի, իսկ հորաքրոջս չէի ուզում անհանգստացնել: Որոշ ժամանակ անց որդիս` Ռաֆայելը, եկավ Հայաստան: Ես հասկացա, որ նա այլեւս չի կարող ինձ հետ ապրել, քանի որ հայրը նրան շքեղ պայմաններում էր պահում: Ռաֆայելը կրկին մեկնեց հոր մոտ: Այդ ժամանակվանից ի վեր ես նրան չեմ տեսել”,- շարունակում է պատմությունը Էլվիրան:
Հոգեկան ծանր վիճակն ու անհաջողությունները Էլվիրան փորձում է ինչ-որ ձեւով լուծել: Սկսում է հաճախել մի հոգեւոր կենտրոն, որը կոչվում է “Կյանքի խոսք”: Այդտեղ հաճախում էր նաեւ նրա հորաքույրը:
“Ես պարզապես մարդ էի, ով փնտրում էր Աստծուն: Ես ունեի հարցեր, որոնք պատասխան էին պահանջում: Բայց ես չգիտեի ճանապարհը, արդյո՞ք ես ճիշտ տեղում էի, թե՞ ոչ: Այդտեղ հորաքույրս ինձ ծանոթացրեց մի կնոջ հետ, ով խոստացավ ինձ համար ժամանակավոր բնակարան գտնել: 1999 թվականն էր: Ես հավաքեցի իրերս եւ այդ կնոջ հետ միասին գնացի այն տունը, որտեղ պետք է ապրեի: Նա ինձ ասաց, որ ես զբաղեցնելու եմ այդ տան մի սենյակը, իսկ մյուս սենյակում ապրում է եւս մեկը՝ ինչ-որ տղամարդ: Ես չգիտեի՝ ով է այդ մարդը, միգուցե նա թմրամոլ է կամ մարդասպան, ես սկսեցի աղոթել, եւ Աստված ինձ ասաց, որ ես պետք է գնամ այնտեղ ... : Դուռը բացեց միջին տարիքի մի մարդ, մենք ծանոթացանք: Նա Ալեքսանդրն էր՝ իմ ապագա ամուսինը”,- հիշում է Էլվիրան:
Ամուսնու` Ալեքսանդր Շումովիչի ընտանիքը 1967 թվականին Ուկրաինայից տեղափոխվել է Երեւան եւ բնակություն հաստատել Բագրատունյաց 43 հասցեում, այն նույն շենքում, որի նկուղում այժմ բնակվում են Ալեքսանդրը, Էլվիրան եւ Ալեքսանդրան: Ալեքսանդրի ընտանիքը Ուկրաինայից Երեւան է տեղափոխվել հայազգի մոր՝ Ռոզայի նախաձեռնությամբ: Վերջինս ամուսնալուծվել էր եւ ցանկանում էր իր երկու որդիների հետ միասին ապրել հայրենիքում: Երբ Էլվիրան ծանոթացավ Ալեքսանդրի հետ, նրա մայրը՝ Ռոզան, արդեն մահացել էր, իսկ եղբայրը՝ Յուրան, տեղափոխվել էր Ռուսաստան:
Ալեքսանդրի եւ Էլվիրայի ամուսնությունից երկու տարի անց՝ 2001 թվականին, ծնվում է Ալեքսանդրան:
“Կինը, ով ինձ բերել էր այդ տուն, ոչինչ չէր ասել իր եւ այդ ընտանիքի կապի մասին: Հետագայում ես պարզեցի, որ նա եղել է ամուսնուս եղբոր` Յուրայի նախկին կինը: Ամուսնալուծությունից հետո Յուրան նրան է թողել բնակարանի 1/3 մասը եւ մեկնել Ռուսաստան, իսկ մյուս մասը մնացել է ամուսնուս` Ալեքսանդրին: Երբ ես հղի էի, Յուրայի նախկին կինը եկավ եւ հայտնեց, որ իրեն պատկանող սենյակը պատրաստվում է մի ընտանիքի տալ ժամանակավոր ապրելու համար: Դուք պատկերացնու՞մ եք, թե ինչպես երկու տարբեր ընտանիք պետք է ապրեին մի տան մեջ: Ճիշտ է, ես գրանցված չէի այդ տանը եւ ոչ մի իրավունք չունեի նրան հակաճառելու, սակայն նաեւ զգում էի, որ ի վիճակի չեմ առանց կոնֆլիկտի այդ հարցը լուծել”,- ասաց Էլվիրան:
Այդ տունը դարձավ կռվախնձոր, եւ գործը հասավ նրան, որ երկու կողմերը որոշեցին տունը վաճառել եւ գումարը բաժանել:
Սակայն, կողմերը չդիմեցին դատարան, քանի որ նրանց հաճախած հոգեւոր կենտրոնում արգելվում էր դատական գործընթացը: Նրանք որոշեցին հարցը լուծել իրենց հոգեւոր կենտրոնի միջոցով:
“Ինչպե՞ս կարող են այդ մարդիկ, ովքեր Աստծո անունն են տալիս, այդքան խարդախ ու խաբեբա լինել: Նրանք մեզ խաբեցին եւ դուրս շպրտեցին մեր բնակարանից՝ մեզ ինչ-որ կոպեկներ տալով: Այդ հոգեւոր դատը, որը տեղի ունեցավ, խաբեություն էր, իհարկե, դրա գլխավոր մեղավորը Յուրայի նախկին կինն էր, ով ցանկանում էր տիրանալ ողջ բնակարանին: Նրանք մեզ պատկանող տարածքը, որը կազմում է բնակարանի մեծ մասը, փաստաթղթում, իբր թե սխալմամբ, կրճատեցին: Դա մենք հետո պարզեցինք, երբ արդեն Ալեքսանդրը ստորագրել էր փաստաթուղթը: Հետո պարզեցինք, որ միայն մենք պետք է մեր բաժինը վաճառենք: Մեզ բաժին հասավ մոտ 4 000 դոլարին համարժեք դրամ, որով մենք ոչինչ անել չէինք կարող: Երբ մնացինք դրսում, մի օր այս ծանոթի տանն էինք անցկացնում, մի օր՝ մյուս, բայց ինչքա՞ն կարելի է այդպես: Այս նկուղը մեր հարեւաններից մեկինն է, նա է տվել, որ ապրենք: Այժմ ես ուզում եմ, որ օրինական դատ ու դատաստան լինի, եւ ամուսնուս վերադարձնեն այն տունը, որտեղ նա ապրել է մոտ քառասուն տարի”,- ասում է Էլվիրան:
Էլվիրա Մարտիրոսյանը փախստական է եւ նրան օրինական կացարան է հասնում: Սակայն նա ի վիճակի չէ զբաղվել իր թղթերով: Դրանով պարտավոր է զբաղվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալությունը, ում “Առաքելություն Հայաստան” կազմակերպությունն արդեն միջնորդագիր է ներկայացրել:



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us