ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ես եմ Կյանքի շքանշանը

Մայիս 7, 2007

Մարատ Նազարյանը Հայրենական Մեծ պատերազմի վետերան է: Նա 17 տարեկան էր, երբ Ռուսաստանի Պրիմորիե երկրամասից նրան ուղարկեցին ռազմաճակատ: Որպես ռադիս:՝ նա մասնակցել է բազմաթիվ մարտերի, արժանացել մի շարք շքանշանների: Ութ տարի ծառայելով Սովետական բանակում՝ նա վերադարձել է հայրենիք:
“Հայրս ու մայրս կարսեցիներ են, գաղթի ժամանակ եկել-հասել են Երեւան,-պատմում է Մարատ Նազարյանը:- Հայրս ասում էր, որ գաղթի ճանապարհին Զորավար Անդրանիկը հանդիպել է իրենց եւ այնպիսի ճանապարհներով է ուղեկցել, որ թուրքի ձեռքը չընկնեն:
Հայրս Կարմիր բանակի հրամանատար էր: Նրան աշխատանքի են նշանակել Վանաձորում, որտեղ էլ ծնվել եմ ես՝ 1925թ.-ին: 5 տարեկան էի, երբ մայրս մահացավ: Այդ ժամանակ հորս տեղափոխեցին Պրիմորիեի երկրամաս, որտեղ նրան նշանակել էին Չինաստանին սահմանամերձ Ուսուրիյսկի ուղեկալի պետի տեղակալ: Նա ինձ ու եղբորս տարավ իր մոտ”:
Ուսուրիյսկում Մարատ Նազարյանը հաճախում է դպրոց, ապա՝ ընդունվում Էներգետիկայի տեխնիկում: 1941 թվականին, երբ պատերազմը սկսվեց, զորակոչվեց բանակ: Որպես տեխնիկ-էլեկտրիկի՝ նրան ուղարկեցին Խաբարովսկի ռադիոհետազոտական դպրոց, որտեղ մեկ տարի սովորելով ռադիստ-դիվերսանտի մասնագիտությունը` նա մեկնեց ռազմաճակատ:
“Մենք Խաբարովսկից նստեցինք վագոններն ու մեկնեցինք դեպի Կուրսկի աղեղ, որտեղ մեր բանակը մեծ կորուստներ էր կրել: Այդտեղ ինձ նշանակեցին դիվիզիայի շտաբի ռադիստ: 1944 թվականն էր, ես 19 տարեկան էի: Ազատագրելով Բելառուսի հողերն ու Լեհաստանը` հասանք մինչեւ Պրուսիա: Հրաման կար՝ գրավել Քյոնիգսբերգ քաղաքի մեծ ամրոցը, որն անմատչելի էր համարվում: Ռազմական պլանն ամբողջությամբ կազմել էր Բաղրամյանը, ով այդ ռազմաճակատի բանակի գեներալն էր:
Թվում էր, թե ամրոցն անհնար է գրավել: Այդտեղ ես առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպեցի մահվանը,- շարունակում է Մարատ Նազարյանը,- հիշում եմ, երբ գերմանական տանկն իմ դեմ դուրս եկավ, այնքան շփոթվեցի, որ սկսեցի բղավել՝ ինձ նռնակ տվեք, այնինչ նռնակն իմ կողքից կախված էր: Մտա խրամատի մեջ եւ նշան բռնեցի: Գերմանացիներն ինձ նկատեցին եւ տանկի թնդանոթն ուղղեցին իմ կողմը: Այդ պահին ընկերներս տանկը խփեցին, եւ ես փրկվեցի:
Ես տեսնում էի՝ ինչպես է տանկն այրվում, գերմանացիները դուրս էին փախչում եւ ավտոմատներով կրակում: Առաջին անգամ ես հրացանն ուղղեցի դեպի գերմանացին ու կրակեցի... Գիտե՞ք, բոլորովին այլ զգացում է, երբ տեսնում ես քո զոհին: Երբ գլխարկի տակից տեսա ջահել գերմանացու շեկ մազերն ու սառած աչքերը, որոնք ինձ էին նայում, սարսուռ անցավ մարմնովս: Այդ պահին սկսեցի մտածել նրա հոր ու մոր մասին, որ նրանք այլեւս չեն տեսնելու իրենց որդուն: Այնքան էի հուզվել, որ ամբողջ մարմնով դողում էի: Մինչեւ հիմա էլ հոգուս խորքում մեղքի զգացում ունեմ:
Տանկը խփողին շնորհեցին “Արիության համար” մեդալ: Իմ հրամանատարը խիստ բարկացավ, որ ես չէի խփել տանկը եւ ինձ թունդ հայհոյեց: Սակայն կորպուսի կապի պետը նրան ավելի թունդ հայհոյեց՝ ասելով, թե քեզ ո՞վ է թույլ տվել ռադիստին տանկի դեմ հանել: Ինձ ուղարկեցին բլինդաժ՝ ռադիոկայանի մոտ: Հուզմունքս դեռ չէր անցել, վաշտի հրամանատարը կարծեց, թե վախից եմ դողում եւ սկսեց ինձ մխիթարել՝ ասելով, թե երբ ինքն առաջին անգամ հայտնվել էր այդպիսի դժվար իրավիճակում, ոչ թե դողում էր, այլ փախչում: Նա ինձ 100 գրամ օղի առաջարկեց, ասացի հերթապահության եմ, չեմ կարող, ասաց՝ եթե առարկես, 200 կլցնեմ: Մի կատակչի տղա ունեինք, միանգամից վրա բերեց՝ ընկեր ավագ, ես կառարկեմ, ինձ երկու հարյուր լցրեք...”:
Մարատ Նազարյանը հանկարծ ժպտաց՝ հիշելով կատակասեր Խլեստով Բորիսին: Նրա հետ մինչեւ Չինաստան էր հասել, սակայն չէր հիշում, որ նա մի պահ տխրեր, նրա կատակն ու հումորն ամեն տեղ անսպառ էին: Ամբողջ պատերազմն էր այդպիսին՝ այնտեղ միախառնված էին վիշտն ու որախությունը, լացն ու ծիծաղը: Չորս օր անընդմեջ գրոհելուց հետո լուր է հասնում, թե գերմանական նավատորմը մոտենում է Բալթիկ ծովի կողմից:
“Ես հերթապահում էի մեքենայի մեջ, երբ արկը ծակեց ռադիոկայաններից մեկը, եւ ռադիստ Սաշան զոհվեց,- պատմում է Մարատ Նազարյանը,- կորպուսի հրամանատարը դուռը հրելով ներս ընկավ ու ինձ հրամայեց՝ բաց տեքստով հաղորդեք 11-րդ օդային բանակին՝ անհապաղ ոչնչացնել նավերը: Ես ուզում էի առարկել, քանի որ, որպես ռադիստ, իրավունք չունեի բաց տեքստ հաղորդել, սակայն նա գոռաց՝ Բաղրամյանի հրամանն է: Իրավիճակն իսկապես սարսափելի էր, ռմբակոծությունն իր գագաթնակետին էր հասել, բարեբախտաբար իմ ռադիոկայանն անվնաս մնաց, եւ ես կարողացա հաղորդել: Լսեցի պատասխանը՝ ընդունված է: Չեք պատկերացնի, թե ինչ նշանակություն ուներ մեզ համար այդ պատասխանը: 15 րոպե չանցած՝ ամբողջ երկինքը լցվեց մեր ինքնաթիռներով: Ես երբեք, ո՛չ պատերազմից առաջ, եւ ո՛չ էլ դրանից հետո, չեմ տեսել այդ քանակությամբ ինքնաթիռներ. ողջ երկինքը կարծես ծածկվել էր դրանցով: Ինքնաթիռները խորտակեցին գերմանական նավատորմը, մի քանի նավի հաջողվեց փախչել, մեր ինքնաթիռներից մի երկուսն էլ, ցավոք, խփվեցին:
Ապրիլի 9-ին գերմանացիները բարձրացրին սպիտակ դրոշները. Քյոնիգսբերգը գրավված էր: Ինը օր շարունակ գիշեր-ցերեկ մենք գրոհել էինք, եւ զինվորներն այնքան հոգնած էին, որ ուժասպառ ընկան ով որտեղ պատահեր ու քնեցին: Կարծես քնած քաղաք լիներ: Այդ պահին, եթե անգամ հրանոթ կրակեին, նրանք չէին արթնանա: Հրամանատարությունը լրացուցիչ զինվորական ուժեր պահանջեց, որպեսզի հսկեն ուժասպառ զինվորների քունը”:
Առաջին շքանշանը Մարատ Նազարյանը ստացավ Քյոնիգսբերգի գրավման ժամանակ՝ “Մարտական ծառայությունների համար”: Իսկ դրանից հետո դրան ավելացան եւս 13-ը՝ “Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան”, “Գվարդիայի նշան”, “Արիության համար”, “Գերմանացիների դեմ հաղթանակի համար”, “Քյոնիգսբերգի գրավման համար”, ինչպես նաեւ շքանշան՝ “Հաղթանակ Ճապոնիայի դեմ”:
“Մի անգամ հարեւանիս աղջիկը, լսելով պատերազմի մասին իմ պատմությունը, ասաց. “Քեռի Մարատ, խնդրում եմ, ինձ ցույց տվեք ձեր կյանքի շքանշանը, տեսնեմ ինչպիսին է այն”: Ծիծաղելով ասացի՝ ես եմ կյանքի շքանշանը՝ քո առջեւ կանգնած”:
Մարատ Նազարյանը 5 տարի զինվորական ծառայություն անցնելով Չինաստանում՝ 25 տարեկան հասակում վերադառնում է Հայաստան:
Հայաստանում նա ամուսնացավ, սակայն երեխաներ չունեցավ. կնոջը շուտ կորցրեց:
Այսօր Մարատ Նազարյանը միայնակ է, սակայն կա մեկը, ով նրա հետ կիսում է ուրախ ու դժվարին օրերը եւ իմաստ հաղորդում նրա ծերությանը: Միդիլ Գալջյանն է, մի կին, ում հետ Մարատը ծանոթացել էր դեռեւս երիտասարդ տարիներին՝ հանգստյան տանը: Մի քանի տարի առաջ նրանք կրկին հանդիպել են՝ այս անգամ “Առաքելություն Հայաստան” հասարակական կազմակերպությունում:



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us