ԿՅԱՆՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ժամանակավոր ապաստան հայցողների թիվն օրըստօրե մեծանում է

Հունիս 25, 2007

Երեւանի Կուզնեցով 2 հասցեում վարձով բնակվում է Մեսրոփյանների ընտանիքը, որը Հայաստան է ներգաղթել 2006 թ. օգոստոսի 14-ին Իրաքի Բասրա քաղաքից: Ամուսինը՝ Արծրունը, կինը՝ Զեփյուռը, ու երեք զավակները՝ Շահենը, Սալբին ու Նորան, Երեւանում ոչ մի զբաղմունք չունեն: Արծրունը բարձրակարգ մասնագետ է եւ տարիներ շարունակ աշխատել է Բասրայի ապահովագրական ընկերություններից մեկում՝ որպես տնտեսագետ-հաշվապահ: Շահենը 32 տարեկան է, մասնագիտությամբ` էլեկտրիկ: Նա աշխատել է Բասրայում գործող անգլիական միջազգային մի կազմակերպությունում, որի պատճառով տեղացի ազգայնամոլները նրան բազմիցս սպառնացել են, անգամ մահափորձ կատարել: Սալբին 29 տարեկան է, բիզնես-մենեջմենթի մասնագետ, իսկ Նորան՝ կրտսեր դուստրը, ծրագրավորող է: Հայաստանում նրանց մերժում են աշխատանքի ընդունել՝ պատճառաբանելով ռուսերենի չիմացությունը:
“Մեր նախնիները ներգաղթել են Իրաք 1924 թվականին Արեւմտյան Հայաստանից՝ հիմնելով Հավրեզ գավառը,- պատմում է Արծրունը:- Իմ ընտանիքը եւս այդ գավառում էր ապրում, սակայն 1956 թվականին ես տեղափոխվեցի Բասրա, այնտեղ ուսում առա, ընտանիք կազմեցի եւ հաստատվեցի: Բասրայում կար մոտ 250 հայկական ընտանիք, սակայն այժմ երեւի 20-25 ընտանիք է մնացել: Մենք շատ ամուր էինք պահում մեր ավանդույթները, ունեինք հարուստ հայկական եկեղեցի, հայկական ակումբ, սակայն դրանք այժմ չեն գործում: Այդ տարիների ընթացքում գրեթե չի եղել դեպք, երբ հայ աղջիկը կամ տղան ամուսնանան օտարի հետ՝ չնայած որ մենք ապրում էինք նրանց հողում: Մենք սրբորեն պահել ենք մեր հավատը, լեզուն ու եկեղեցին”:
Մեսրոփյանների ընտանիքն իր հետ Բասրայից ոչինչ չի բերել, անգամ թույլ չեն տվել վաճառել տունն ու ավտոմեքենան: Նրանք միայն կարողացել են որոշ խնայած գումար բերել, որն էլ այժմ ծախսում են բնակարանի վարձավճարի եւ օրվա հացի վրա:
“Շատ գեղեցիկ առանձնատուն ունեինք, լավ ավտոմեքենա: Մեր գործերն այնտեղ լավ էին,- պատմում է Արծրունը:- Իսկ ամենակարեւորն այն է, որ մենք բարձր պատիվ ունեինք, եւ մեր ընտանիքը շատ հարգված էր: Սակայն Բասրայի ազգայնամոլ շիաների համար այդ ամենը ոչ մի նշանակություն չուներ: Վերջին երկու տարիներին բոլոր հայերին սպառնում էին, ստիպում լքել տներն ու հեռանալ: Մեր աղջիկներն արդեն վախենում էին մենակ տնից դուրս գալ: Ի վերջո, վիճակն այնքան ծայրահեղ դարձավ, որ մենք թողեցինք եւ՛ տունը, եւ՛ մեր ունեցվածքն ու եկանք Հայաստան: Ճիշտ է, ուրախ ենք, որ մեր հայրենիքում ենք, եւ այստեղ մեզ վտանգ չի սպառնում, սակայն այսպիսի գործազուրկ ու անտուն վիճակում մենք երկար գոյատեւել չենք կարող: Պետք է ինչ-որ կերպ մեր վիճակը կարգավորվի”,- ասում է Արծրունը:
Նույն կարգավիճակում է նաեւ Սեթրակ Սիմոնյանի ընտանիքը, որը Հայաստան է գաղթել 2005 թվականին: Նրանք բնակվել են Բաղդադում, որտեղ Սեթրակն ունեցել է աղյուսագործական ֆաբրիկա։ Նրանք եւս Հայաստան են եկել դատարկաձեռն ու այժմ ապրում են խնայողությունների հաշվին: Սեթրակը, կինը՝ Մարիամն, ու երկու անչափահաս դուստրերը՝ Սիլվան ու Սեզան, ապրում են Արաբկիր համայնքում՝ վարձով:
“Մենք շատ լուրջ խնդիր ունեինք՝ կապված մեր աղջկա առողջության հետ,-պատմում է Սեթրակը,- սակայն ոչ օրենք գիտեինք, ոչ էլ գիտեինք՝ ում դիմել: Բարեբախտաբար, մեր խնդիրներով սկսեց զբաղվել “Առաքելություն Հայաստան” կազմակերպությունը, որի սոցիալական աշխատողը մեզ օգնեց դուրս գալ անելանելի վիճակից”:
Սեթրակի ավագ դուստրը` Սիլվան, մանկուց տառապում է էպիլեպսիայով եւ անընդհատ բժշկի հսկողության տակ էր Բաղդադում:
“Սեթրակի հետ միասին սկսեցինք հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը եւ այցելել համապատասխան կառույցներ,- պատմում է սոցիալական աշխատող-հոգեբան Արուսիկ Սարգսյանը:- Երբեմն խնդիրներ էին առաջանում, եւ անգամ անբարյացակամ վերաբերմունք էր դրսեւորվում, քանի որ շատ կառույցներում տեղյակ չէին ժամանակավոր ապաստան հայցողների իրավունքների մասին, սակայն մենք նրանց տեղեկացնում էինք գործող օրենսդրական ակտերի եւ որոշումների մասին, եւ հարցը մի կերպ կարգավորվում էր”:
Սիլվայի համար ձեռք է բերվել մանկուց հաշմանդամի կարգավիճակ, եւ նա հերթագրվել է համապատասխան բուժհաստատությունում՝ օգտվելով անվճար դեղորայք ստանալու իրավունքից: Սակայն Սիլվային հաշմանդամության թոշակ նշանակելու հարցում առաջացել են լուրջ խոչընդոտներ, քանի որ օրենքով չի նախատեսվում նման աջակցություն ՀՀ-ում ժամանակավոր ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող անձանց:
Հայաստանում ժամանակավոր ապաստան հայցող իրաքահայերը, բացի գործազրկությունից, նյութական ծանր վիճակից, օրենսդրական դաշտի անիրազեկությունից, լեզվական եւ այլ խնդիրներից, ունեն նաեւ մեկ այլ խնդիր, որն այսօր արդեն հրատապ է. բանն այն է, որ շատերի անձնագրերի ժամկետն արդեն լրանում է, իսկ վերջերս էլ Իրաքում փոխվել է նաեւ անձնագրի ձեւը: Իրաքահայերը եւս պետք է ձեռք բերեն նոր անձնագրեր, սակայն Իրաք մեկնել նրանք չեն կարող, քանի որ ֆինանսական խնդիրներ ունեն, բացի այդ` չեն ուզում վտանգել իրենց կյանքը, իսկ Հայաստանում գոյություն չունի Իրաքի դեսպանատուն, որի միջոցով կարողանան հարցը կարգավորել: “ Հայաստանում ժամանակավոր ապաստան հայցող իրաքահայերի խորհուրդը մեր աջակցությամբ նամակ է հղել Մոսկվայում Իրաքի դեսպանատուն՝ խնդրելով լուծել այս հարցը: Դեսպանատունը դրական պատասխան է ուղարկել՝ նշելով, որ անձնագրերը կարող են ուղարկվել եւ երկարացվել կամ նորացվել՝ առանց անձնագրի տիրոջ ներկայության: Մենք դիմեցինք նաեւ ՀՀ ա րտաքին գործերի նախարարություն, որպեսզի վերջինս այդ գործընթացն իրականացնի Մոսկվայում Հայաստանի դեսպանատան միջոցով՝ հույս ունենալով, որ այդպես խնդիրն ավելի լուրջ եւ հետեւողական լուծում կստանա,- ասում է “Առաքելություն Հայաստան” ՀԿ-ի սոցիալ-առողջապահական բաժնի պատասխանատու Տանյա Դաշյանը:
Հայաստանում ներկայումս կան ժամանակավոր ապաստան հայցող ավելի քան 300 իրաքահայեր, ովքեր Հայաստան են ներգաղթել Իրաքում տիրող քաղաքական լարված վիճակի պատճառով: Սակայն, պակաս ծանր չէ նրանց կարգավիճակը նաեւ Հայաստանում, քանի որ գոյություն չունի հստակ օրենսդրական դաշտ, որը լուծում կտա ժամանակավոր ապաստան հայցողների խնդիրներին Հայաստանում:
Ճիշտ է, դրանցով առայժմ զբաղվում են մի քանի հասարակական կազմակերպություններ, սակայն նրանք չեն կարող ստանձնել հիմնախնդիրների ամբողջական լուծումը:
2006 թվականի հունիսի 1-ից մինչեւ այս տարվա հունիսի 1-ը ՀՀ-ում Փախստականների դանիական խորհրդի աջակցությամբ իրականացվել է ապաստան հայցող անձանց հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագիր: Ծրագիրն իրականացվել է երեք կազմակերպությունների համատեղ համագործակցության միջոցով, որոնք են՝ “Հայաստանի Կարմիր խաչ” ընկերությունը, “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան:
Ծրագրի նպատակն էր հոգալ ապաստանային խնդիրներն ու ապաստան հայցողների կարիքները, ինչպես նաեւ բարելավել ու բարձրացնել հանրային իրազեկվածությունը: Ծրագիրն ավա րտվել է, սակայն “Առաքելություն Հայաստանը” դեռեւս շարունակում է շուրջ 300 իրաքահայ շահառուի մատուցել հետեւյալ ծառայությունները՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, ՀՀ-ում գործող օրենքների եւ իրենց իրավունքների մասին տեղեկատվության տրամադրում, սոցիալական աջակցության համակարգից օգտվելու կարգի եւ գործընթացի լուսաբանում, համագործակցում ՏԻՄ-երի, պետական եւ հասարակական այլ կառույցների հետ, մշակութային ուղղվածության էքսկուրսիաների կազմակերպում եւ այլն:
“Հասարակական կառույցների կողմից կատարված եւ կատարվելիք աշխատանքներն, անշուշտ, կնպաստեն ժամանակավոր ապաստան հայցողների կարիքների մեղմացմանն ու որոշակի խնդիրների լուծմանը: Սակայն նրանց գլխավոր խնդիրները՝ գործազրկությունը, անիրազեկությունը ՀՀ-ում գործող օրենքների եւ սեփական իրավունքների մասին, շահերի եւ իրավունքների ոտնահարումը տարբեր կառույցներում, լեզվական խոչընդոտներն ու սոցիալ-տնտեսական պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը, պահանջում են պետական մոտեցում եւ հստակ օրենսդրական դաշտ, հատկապես, որ ներգաղթողների թիվը Հայաստան գնալով մեծանում է”,- ասում է “Առաքելություն Հայաստան” ՀԿ-ի սոցիալ-առողջապահական բաժնի պատասխանատու Տանյա Դաշյանը:



ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐԸ
ՍԿԻԶԲ


ԿԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ





Copyright © 1994-2017 Mission Armenia. All Rights Reserved v4.0 | Contact Us